Իսպանական Մայորկայում տիրող ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն աճում է
International newsԻսպանիայի Մայորկա առողջարանային կղզում տեղի ունեցող ջրհեղեղների հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել: DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Բալեարյան կղզիների արտակարգ իրավիճակների ծառայությունը:
Մասնավորապես, Արտա և Ս'իլլոտ քաղաքներում երկու տղամարդու մարմին է հայտնաբերվել: Ավելի վաղ Ս'իլլոտում փրկարարները վեց մարդու մարմին էին հայտնաբերել:
Եղանակային անբարենպաստ պայմաններից ամենից շատ տուժել է Սան Լյորենս դես Կարդասար քաղաքը, որտեղ ուժեղ անձրևների պատճառով գետն ափերից դուրս է եկել: Տեղի իշխանությունների տվյալներով՝ մի քանի ժամում շուրջ 220 լիտր անձրև է տեղացել մեկ քառակուսի մետր տարածքում: Սան Լյորենս դես Կարդասարը գտնվում է Բալեարյան կղզիների գլխավոր քաղաք Պալմա դե Մայորկայից 60 կմ հեռավորությամբ:
Քաղաքի իշխանությունների հաղորդմամբ՝ զոհերի թվում Մեծ Բրիտանիայի առնվազն երկու քաղաքացի կա: