Իրավունք չունենք այլևս միավոր կորցնել Ազգերի լիգայում. Վարազդատ Հարոյան
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի կարծիքով հավաքականն այլևս իրավունք չունի միավոր կորցնել Ազգերի լիգայում:
«Ուսումնասիրել ենք Ջիբրալթարի հավաքականին և լիովին պատրաստ ենք առաջիկա խաղին: Պետք է կենտրոնացած խաղանք: Նման հավաքականների դեմ, ինչպիսին Ջիբրալթարն է, դժվար է խաղն ընթանում, կենտրոնացած խաղալով կարող ենք հաղթել և այնուհետ մտածենք Մակեդոնիայի դեմ հանդիպմանը: Պետք է երկու խաղերում էլ հաղթենք, քանի որ իրավունք չունենք այլևս միավոր կորցնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանը:
Հարոյանի խոսքով՝ նմանատիպ խաղերում մրցակիցները շեշտը դնում են հակագրոհների վրա: «Վերջին խաղերը խաղացել եմ ակումբում և լավ մարզավիճակում եմ: Ակումբում լեգիոնների խնդիր կա և խաղից է կախված լինում, թե ում են տալիս նախապատվությունը»,-ասաց նա:
Անդրադառնալով 3 տարի անց կրկին հավաքականին միացած Յուրա Մովսիսյանին, պաշտպանը առանձնացրեց, որ թիմն ուրախ է Յուրայի վերադարձի համար և բոլորին է հայտնի թե ինչպիսի ֆուտբոլիստ է նա:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Ջիբրալթարի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: