Չեչնիայի նախագահ Քադիրովը Փաշինյանի ու Մակրոնի պարից հետո պարի մարաթոն սկսելու կոչ է արել քաղաքական գործիչներին
International newsՉեչնիայի Ինքնավար Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պարը տեսնելուց հետո քաղաքական գործիչներին պարի մարաթոն սկսելու կոչ է արել: Քադիրովն առաջարկել է քաղաքական գործիչներին համացանցում կովկասյան պարեր հեշթեգով հրապարակել իրենց պարերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Չեչնիայի ղեկավարի «Տելեգրամ»-ի ալիքի հրապարակումը:
«Փաշինյան-Մակրոն» պարը կարող է հիանալի, բարի և բոլոր կովկասյան ժողովուրդներին օգտակար պարային մարաթոնի սկիզբ ազդարարել: Կարծում եմ, որ նախաձեռնությանը կաջակցեն ճանաչված քաղաքական ու հասարակական գործիչները: Յուրաքանչյուր քաղաքական գործչի և ղեկավարի խնդրում եմ հրապարակել իրենց պարերը #кавказскиетанцы #CaucasusDances #DancesOfTheCaucasus հեշթեգերով»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Քադիրովը:
Նրա խոսքով` լեզուն ու պարը ազգի պահպանման համար կարևորագույն անհրաժեշտություններից են:
«Եթե խոսենք Կովկասի մասին, ապա պարերը միավորում ու համախմբում են մեր ազգերը: Այս մասին ես միշտ եմ հիշում»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Փաշինյանն ու Մակրոնը համերաշխ և տակտով պարում են կովկասյան պարերից մեկը:
Քադիրովը խոստովանել է նաև, որ ազգային պարերի մեծ սիրահար է:
«Ցանկացած հարմար առիթով մտնում եմ շրջան: Նորարարություններ եմ անում, քանի որ շատ եմ սիրում, երբ պարողն, ով խիստհետևում է ազգային պարի տարրերին, ունի իր ինքնուրույնությունը»,- ասել է նա:
Չեչնիայի ղեկավարը նաև հաղորդել է, որ երկուշաբթի օրը Գրոզնիում բացվում է Մահմուդ Էսամբաևի անվան պարերի միջազգային փառատոնը: Նա նշել է, որ տարածաշրջանում հարգարժան հյուրերի մասնակցությամբ նաև այլ մշակութային միջոցառումներ են տեղի ունենում: Քադիրովն այդպիսի միջոցառումներից մեկին հրավիրել է նաև Փաշինյանին ու Մակրոնին:
Համացանցում լայն տարածում էր ստացել տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նրա կինը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանն ու նրա ամուսինը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և մյուս երկրների ներկայացուցիչները պարում հայկական երաժշտության ներքո՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից տրված պետական ընթրիքի ընթացքում:
Ինչպես հաղորդել էր «Արմենպրես»-ը, լայն տարածում ստացած տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ֆեյսբուք»-ի իր էջում նմանատիպ տեսանյութ է հրապարակել նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ադամյանը:
Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար: Հոկտեմբերի 11-ի նիստի ընթացքում ՖՄԿ գագաթնաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին: Հիմնվեց համաժողովի բյուրոն, մասնակիցները հաստատեցին օրակարգի նախագիծն ու ծրագրավորեցին աշխատանքները: Հոկտեմբերի 12-ի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն էր: Գագաթնաժողովի թեման էր «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել էր նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։