Յուրի Բաշմետը և նրա «Մոսկվայի մենակատարներ»-ը եզակի համերգով հանդես եկան «Երեւանյան հեռանկարներ»-ի շրջանակում
Culture«Երեւանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետի եւ նրա ղեկավարած «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի համերգը:
Այս համերգին հայ երաժշտասեր հանրությունը սպասել է հինգ տարի: Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանի խոսքով՝ Յուրի Բաշմետի համերգը փառատոնի անակնկալներից է:
«Յուրի Բաշմետը մոլորակի ամենահայտնի, ընդունված և ստեղծագործ մարդկանցից մեկն է: Նա սիրված է հայ հանրության կողմից ու մեծ պատիվ է՝ ևս մեկ անգամ լսել նրան: Բաշմետի ամեն մի այցը երաժշտական առումով մեծ տոն է»,- նշեց նա:
Համերգի ընթացքում հնչեցին Պյոտր Իլյիչ Չայկովսկու, Գեորգի Սվիրիդովի և այլոց ստեղծագործությունները:
Յուրի Բաշմետը Հայաստանում պարգևատրվել է «Պատվո շքանշանով»: Ծնվել է 1953 թվականի հունվարի 24-ին, Դոնի Ռոստովում: Լվովի երաժշտական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1971 թ. սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայի թավջութակի բաժնում, իսկ 1976- 1978 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ասիստենտուրայում:
Ունեցել է համատեղ համերգներ այնպիսի հանրահայտ դիրիժորների հետ, ինչպիսիք են Ռաֆաել Կուբելիկը, Մտիսլավ Ռոստրոպովիչը, Բեռնարդ Հեիտինգը և այլոք:
Նա համերգներ է ունեցել Մարթա Ագրերիխի, Նատալիա Գութմանի, Աննա-Սոֆի Մուտտերի, Օլեգ Կոգանի, Վիկտոր Տրետյակովի, Շլոմո Միտցի և այլ հանրահայտ կատարողների հետ:
Բաշմետը 1985 թվականից հանդես է գալիս նաև որպես դիրիժոր: Կազմել է բազմաթիվ երիտասարդական և ուսանողական նվագախմբեր: Մոսկվայի «Դեկտեմբերյան գիշերներ» փառատոնի ղեկավարն է, «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, ինչպես նաև «Մոսկվայի մենակատարներ» նվագախմբի հիմնադիրն ու տնօրենը, որի հետ նա հանդես է գալիս դիրիժորի և մենակատարի երկակի դերում։