Բրիտանացի զինվորականները Նորվեգիա են ժամանել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Trident Juncture զորավարժություններին
International newsԲրիտանացի զինվորականները Նորվեգիա են ժամանել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Trident Juncture զորավարժություններին, փոխանցում է RT-ն՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությանը:
«Քանի որ Արկտիկան եւ Ծայր Հյուսիսը ավելի ու ավելի ռազմականացված են դառնում, հիմա Մեծ Բրիտանիայի եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար ավելի քան երբեւէ կարեւոր է դառնում ամենաբարդ պայմաններում մարզվելը: Սա իսկապես ստուգում է ցանկացած ագրեսիա զսպելու մեր ունակությունը, որին կարող ենք բախվել սպառնալիքների մեծացման դարաշրջանում»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մարկ Լանքասթերը:
Գերատեսչությունից հայտնել են, որ միջոցառմանը կմասնակցեն 2700 բրիտանացի զինծառայողներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ 2 հազար ծովահետեւակային Իսլանդիայի ափ է իջեցվել Trident Juncture զորավարժության նախապատրաստման շրջանակում, որը հոկտեմբերի վերջին անցկացվելու է Նորվեգիայում:
Trident Juncture («Միասնական եռաժանի») զորավարժությունը կանցկացվի Նորվեգիայում հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 23-ը: Հնարավոր է, որ զորավարժություններին մասնակցի 35-45 հազար մարդ ՆԱՏՕ-ի 30 երկրներից: Ռազմական գործողությունների պայմանական թատերաբեմը կլինի երկրի հյուսիս-արեւելքը, որտեղ կուղարկվեն 70 նավեր եւ 130 օդանավեր: