«Քաղաքացիների տեսանյութերի հիման վրա պետք է վարչական տույժեր նշանակվեն». առաջարկ
InterviewՃանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառվելու է տուգանային 9 բալանոց համակարգը: Տարբեր խախտումների դեպքում վարորդը որոշակի միավոր կկորցնի, իսկ, օրինակ, երկուսից ավելի անգամ ոչ սթափ վարելու պարագայում կկորցնի իրեն տրված 9 միավորն ու որոշակի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից:Ճանապարհային ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը Orer.am–ի հետ զրույցում դրական որակեց նախագիծը:
«Ներկայումս նման համակարգ է գործում 22 երկրներում: Այդ թվում, այնպիսի զարգացած երկրներում, ինչպիսին, օրինակ, Կանադան է: Արդյունքում այդ երկրներում վթարները և խախտումները բավականին քիչ են: Այսինքն՝ կա փաստ, որ այս համակարգն արդյունավետ է, և բացի դրական արդյունքից որևիցե խնդիր այն չի ստեղծել: Զոհերի և ՃՏՊ–ների ցուցանիշները նվազել են մոտ 60 տոկոսով, ինչը լուրջ արդյունք է: Մեր երթևեկության մեջ շատ են խախտումներ անող վարորդները, պատճառների մասին բազմիցս է խոսվել՝ սկսած վարորդական իրավունք գնելուց մինչև վարորդական գիտելիքներ չունենալը: Այս նոր ներդրումը նման վարորդներին հնարավորինս զերծ է պահելու երթևեկությունից: Բալային համակարգը չի խստացնում, կարելի է ասել, որ շատ մեղմ տուգանքներ է սահմանում՝ ֆինանսական բեռն է իջեցվել: Սա փաստում է, որ ՃՈ–ն վարորդներին որպես տուգանելու օբյեկտ չի մոտենալու, և առաջնային է լինելու երթևեկության անվտանգությունը, վարորդների կարգապահությունը»,–ասաց նա՝ հավելելով, որ, ըստ նախագծի, վարորդներն ավելի քիչ գումարով են տուգանվելու, բայց միավորը կորցնելու դեպքում կարող են զրկվել վարորդական իրավունքից:
«Խախտումների հետևանքով մեզ մոտ վթարների քանակը զգալի ավելացել է: Այս տարի ցավալի թվեր են արձանագրվում, նախորդ տարիների համեմատ գերազանցվում է զոհերի թիվը: Իսկ յուրաքանչյուր վթարի հիմքում անվտանգության կանոնները չպահպանելն է: Ընդհանուր առմամբ՝ մեզ մոտ նախատեսվող նոր համակարգը ավելի մեղմ է, քան շատ եվրոպական երկրներում: Օրինակ՝ մեզ մոտ խմածության նվազագույն թույլատրելի չափը շատ բարձր է, քան այլ երկրներում: Նախատեսվող համակարգն ավելի մեղմ է, բայց այսպիսով փորձ է արվում, որ վարորդներն իրենք իսկ ապացուցեն, որ համակարգն իր մեջ դաստիարակչական միտում ունի»,–նշեց նա:
Ս. Ղահրամանյանը շեշտեց, որ, այդուհանդերձ, պատրաստվում է նախագծի վերաբերյալ որոշ առաջարկներ ներկայացնել. «Ցավոք, շատ խախտումների դեպքում միավորները չեն նվազում: Օրինակ է անվտանգություն գոտին չգցելը»:
Հարցին, թե մեզ մոտ խախտումներն արվում են հիմնականում այնտեղ, որտեղ տեսախցիկներ չկան, այդ դեպքում վերոնշյալ նախագծով որքանո՞վ է լուծվում խնդիրը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Համամիտ եմ: Որտեղ կա տեսախցիկ, խախտումներ անողներն Աստծու գառ են, որտեղ չկա՝ չարիք են երթևեկության համար: Շատ եմ ցանկանում, որ ոստիկանությունը կամ ՃՈ–ն որևիցե հստակ մեխանիզմ առաջարկեն և քաղաքացիների տեսանյութերի հիման վրա վարչական տույժեր նշանակվեն: Այդ տույժերը պետք է նշանակվեն վարորդների նկատմամբ, ովքեր խախտում են արել, բայց տվյալ տարածքներում տեսախցիկներ չեն եղել: Սա ևս ընդունված է տարբեր երկրներում: Պետք է զարգացնել դա նաև մեզ մոտ, քանի որ թեև վերոնշյալը զգոնությունը որոշակիորեն կբարձրացնի, փոփոխություններ կբերի, բայց լիարժեք արդյունավետ չի լինի, որովհետև խախտումներ անողները առանց տեսախցիկների ճանապարհային հատվածում կրկին խախտումներ կանեն: Քաղաքացիների տեսանյութերի հիման վրա պետք է արձանագրություններ կազմվեն: Սա վարորդներին կպարտավորեցնի բոլոր տեղերում պահել այդ կանոնները»:
Հարցին, թե Հայաստանում ինչպե՞ս կաշխատի այդ մեթոդը՝ հաշվի առնելով մարդկանց մենթալիտետը, և արդյո՞ք վերահսկողության բեռն ավելի շատ չպետք է լինի հենց ՃՈ–ի վրա, նա պատասխանեց.
«Ներկայումս ՃՈ կարգախմբերի քանակը շատ սակավ է և, բնականաբար, կլինեն տեղեր, որոնք դուրս կմնան իրենց տեսադաշտից: Դրա հետևանքով մարդիկ ազատ կզգան և կանեն այն, ինչ իրենց հաճելի է, ոչ թե այն, ինչ օրենքն է թելադրում: Մյուս քաղաքացիների կողմից տեսանյութեր տրամադրելը նորմալ է: Իհարկե, կան մենթալիտետային հարցեր, բայց, ամեն դեպքում, յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ դիմացի կամ կողքի մեքենայի խախտում անող վարորդն այդ պահին հենց իր անվտանգությունն է վտանգում: Եթե բոլորն այս ձևով մտածեն, հնարավորինս քիչ խախտումներով երթևեկություն և բարեկիրթ վարորդներ կունենանք: Այդ դեպքում կունենանք խախտումներ, որոնք դիտավորյալ չեն անի, ինչպես հիմա, երբ մեծամասնությունը դիտավորյալ է անում: Մեծ հաշվով՝ վարորդները չհասկացան ՃՈ վարած մեղմ քաղաքականությունը, ինչի հետևանքով ունենք ցավալի դեպքեր, ՃՏՊ–ների ավելացած քանակ: Բացի այն վարորդներից, ովքեր խախտումներ են անում այն փողոցներում, ուր տեսախցիկ չկա, կան վարորդներ, որ անկախ նրանից՝ տեսախցիկ կա, թե՝ ոչ, միևնույն է, խախտում են անում: Սա մեծ խնդիր է»,–ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ նման վարորդների հետ պետք է զբաղվեն բժիշկներն ու հոգեբանները: