Մեր թիմն ու մեր ծրագիրը միայն օգնելու են Փաշինյանի կառավարությանը այս դժվարին փուլում
InterviewԱԺ արտահերթ ընտրությունների նախօրեին հայաստանյան քաղաքաքկան դաշտը կրկին ակտիվանում է՝ որոշ կուսակցություններ ռեստարտ են լինում, ոմանք էլ դիրքավորվում են: Դրան զուգահեռ ձևավորվում են նոր քաղաքական միավորներ: Նորաստեղծ կուսակցություններից մեկի՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ, կուսակցության մամուլի խոսնակ, իրավաբան Հայկ Գրիգորյանին ուղղեցինք մեր հարցերը:
–Նոր կուսակցության հիմնումը հետհեղափոխական շրջանում նախընտրական նախագի՞ծ է, թե՞կան ավելի հիմնավոր պատճառներ:
–Եթե ծանոթանաք մեր թիմի անդամների կենսագրությանը և նրանց անցած քաղաքացիական պայքարի պատմությանը, ապա կհամոզվեք, որ սա զուտ նախընտրական նախագիծ չէ։ Մենք եղել ենք ներքաղաքական դաշտի ակտիվ մասնակից վերջին 5 տարվա ընթացքում, սակայն չենք ցանկացել մասնակցել որևէ ընտրական գործընթացի։ Ինչպես գիտենք, տարիներ շարունակ հասարակությունը հավատ չի ունեցել ընտրական գործընթացի հանդեպ։ Այս հասարակության մի մասն ենք եղել նաև մենք, ուստի մենք չէինք կարող մասնակցել ակնհայտ կեղծիքներով ու ընտրակաշառքի գործադրմամբ անցկացվող ընտրություններ կոչվող գործընթացին։ Հիմա այլ իրավիճակ է, նոր իրողություններեն, որոնք մեզ ուղղակի հարկադրում են լինել ավելի ակտիվ ու նախաձեռնող։ Նոր իրավիճակը պարտադրում է նաև նոր մոտեցումներ, թե՛ կուսակցություն երևույթի, թե՛ գաղափարների ու ծրագրերի մասով։ «Ազգային առաջընթացը» նոր ուժ է այս բոլոր առումներով։ Մենք գերխնդիր ենք հռչակել հասարակության ապակուսակցականացումը, մենք հստակ նախընտրական ծրագիր ենք մշակել, որը մեր պայմանագիրն է լինելու մեր ընտրողներիհետ, մեր ղեկավար կազմում չկան նախկինում որևէ այլ կուսակցության անդամ հանդիսացող կամ պաշտոնատար անձ հանդիսացած անհատներ։ Այսինքն, պատճառը, որ մենք մտնել ենք քաղաքական ասպարեզ, նոր իրավիճակով թելադրված երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելու ցանկությունն է, որի համար ստեղծվել է պարարտ միջավայր։ Մեր թիմն ու մեր ծրագիրը միայն օգնելու են Փաշինյանի կառավարությանը այս դժվարին փուլում։
–Հասկանալի է, որ մասնակցելու եք ընտրություններին, ո՞ր դաշտն եք զբաղեցնելու, միայնակ եք գնո՞ւմ, թե՞ այլ ուժերի հետ:
–Տեսեք, քանի որ ըստ Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների, ԱԺ–ում պետք է լինեն առնվազն 4 կուսակցություններ, ապա մենք ձգտելու ենք լինել այդ ուժերից մեկը, քանի որ դա միակ քաղաքական ուղին է, որով մենք կարող ենք իրականացնել մեր ծրագրերը և նպաստել բարեփոխումների ընթացքին։ Եվ քանի որ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը ամեն դեպքում ստանալու է ձայների մեծամասնությունը, ապա մե րպայքարը գնալուէ 2 այլ կուսակցությունների հետ՝ 1/3 ոչ իշխանական ձայները ստանալու համար։ Այսինքն, անկախ Փաշինյանին տրված ձայների քանակից, նա ստանալու է առավելագույնը ԱԺ մանդատների 2/3–ը։ Մնացած 1/3–ը պետք է բաշխվի առավելագույն ձայներ ստացած 3 այլ կուսակցությունների միջև։ Մենք այդ ոչ իշխանական դաշտում ենք մեզ տեսնում։
–Ո՞րն է այն ծրագրային կամ քաղաքական ֆիշկան , որը կառանձնացնի Ձեր կուսակցությանը ուրիշներից:
–Սա, կարծում եմ, ամենակարևոր հարցն է՝ ինչ ծրագրով ու ինչ գաղափարախոսությամբ ենք մենք հանդես գալու։ Նախ նշեմ, որ եզակի ուժ ենք Հայաստանում, որ մշակել ենք կետ առ կետ, մանրամասն ծրագիր, որը վերաբերում է թե՛ զինապարտությանը, թե՛ գյուղատնտեսությանը, թե՛ կրթությանը, թե՛ հարկային ու սոցիալական ոլորտներին և թե՛ տեղական ինքնակառավարմանն ու մարզերում կյանքի աշխուժացմանը։ Գաղափարախոսությամբ «Ազգային առաջընթացը» սոցիալական ուղղվածության ձախ ուժ է։ Սոցիալ–լիբերալիզը մեր տեսլականն է, իսկ ազգային բառը մեր անվան մեջ ամենևին էլ չի նշանակում ազգայնական։ Մենք փորձելու ենք տնտեսական ոլորտում հետևել լիբերալիզմի սկզբունքներին, իսկ սոցիալական ոլորտում՝ սոցիալական մոտեցումներին։ Սա ժամանակակից ամենատարածված քաղաքական ուղղություններից մեկն է զարգացած աշխարհում, որը մենք տեղայնացնելու ենք՝ հաշվի առնելով մեր ազգային պահանջմունքները։ Մենք միակ կուսակցությունն ենք, որ այս գաղափարաբանությունն է որդեգրել և արտացոլել իր ծրագրում։ Յուրահատուկ ծրագրային կետերից կարող եմ նշել՝ Հայաստանի տարածքային բաժանման մարզային մոդոլի փոխարինումը շրջանային մոդելով, երբ ամեն մի մարզ կբաժանվի մոտ 34 շրջանի, և կունենա ուղղակի ընտրությամբ ձևավորվող ավագանի, տեղական ինքնակառավարումը նաև կլինի ապակուսակցական ու ավելի պրոֆեսիոնալ, Երևանի վարչատարածքային նոր բաժանումը, որի արդյունքում Երևանի հարակից մարզերում կաշխուժանա սոցիալական ու տնտեսական կյանքը, քանի որ Երևանի Կենտրոն համայնքից բացի մյուս համայնքները կմիավորվեն հարևան մարզերի հետ՝ ձևավորելով շրջաններ, դա կբերի Երևանի բեռնաթափման և մարդկային ու ֆինանսական ռեսուրսնորի համաչափ բաշխման, 27 տարին լրացած, հոգեպես առողջ և դատվածություն չունեցող անձանց զենք կրելու իրավունքի ապահովում՝ պայմանով, որ նրանք ընդգրկվելու են ազգային գվարդիայի, այսինքն՝պահեստազորի կազմում և տարին առնվազն 4 անգամ մասնակցեն առնվազն 2 շաբաթ տևողությամբ զորավարժանքների, սա կլուծի ազգային անվտանգության գլոբալ խնդիրը և թույլ կտա կրճատել պարտադիր զինծառայության ժամկետը՝ այն դարձնելով մեկ տարի:
Հայաստանից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի վերականգնում՝ պայմանով, որ նրանք ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք Հայաստանում և վերջին 365 օրվա ընթացքում առնվազ 15–20 օր անցկացրել են Հայաստանում: Գյուղատնտեսության ոլորտում նախատեսում ենք օրենսդրական նախաձեռնություն, որի համաձայն բոլոր բանկերին կպարտադրվի տրամադրել մինչև 5% գյուղատնտեսական նշանակության վարկեր, իսկ մթերման գործընթացը կկարգավորվի օրենքով՝ երաշխավորելով գյուղացու իրավունքները: Արցախում պետք է իրականացվի զանգվածային վերաբնակեցում, որը մենք տեսնում ենք որպես հետագա միավորման նոր հանրաքվեի անցկացման նախապայման։
–Հիմա շատ է քննադատվում Փաշինյանի նոր կադրային լիբերալիզմը, ո՞րն է Ձեր մոտեցումը:
–Անշուշտ, մտահոգիչ է հին ու վարկաբեկված կադրերին նոր Հայաստանում բարձր պաշտոնների տեսնելը։ Ավելին, անընդունելի է նաև ներկայացված բացատրությունը, թե կադրերի պակաս կա, քանի որ մենք լավ գիտենք թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի երիտասարդ մասնագետների ներուժը և տեղը։ Կարծում եմ՝ Փաշինյանը փորձում է սիրո ու համերաշխության մթնոլորտ ստեղծել հին ուժերի հետ մոտակա 2 շաբաթը հնարավորինս անցնցում անցկացնելու համար։ Բայց դա արվում է իր քաղաքական կապիտալի հաշվին, որը բերելու է ընտրազանգվածի որոշակի հիասթափության և կորստի։ Մենք, որպես նորաստեղծ կուսակցություն, հասցրել ենք մեր աջակցությունը հայտնել նոր կառավարությանը նաև այս առումով՝ իրենց տրամադրելով մեր ծրագիրը և պատրաստակամություն հայտնելով աջակցել մեր մարդկային ներուժով, որը, սակայն, մնացել է անպատասխան։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ հին ու վարկաբեկված կադրերին իր կազմում ներառելով՝ Փաշինյանը քայլ առ քայլ կորցնելու է իր վարկանիշը: