Կարճատև օգուտի համար չի կարելի վնասել բնությունդ, երկիրդ, ժողովրդիդ. Սերժ Թանկյանի կոչը՝ կապված Ամուլսարի հանքի շահագործման հետ
SocietyԱշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը հատուկ ուղերձ է հղել՝ կապված Ամուլսարի հանքի շահագործման ու դրա դեմ քաղաքացիական բողոքի ակցիաների հետ:
Թանկյանն իր աջակցությունն է հայտնել հանքի շահագործմանը խոչընդոտել փորձող ակտիվիստներին՝ հիմնավորելով այն պատճառները, թե ինչու է նա դեմ հանքարդյունաբերությանը:
«Մենք գիտենք, որ հանքերը հարատև վնաս են հասցնում բնական միջավայրին՝ անկախ նրանից, թե դա ինչ տիպի հանք է, թե որքան լավ է վերահսկվում հանքի գործունեությունը աղտոտիչների առումով, այն ամեն դեպքում հարատև վնաս է հասցնելու բնական միջավայրին: Մանավանդ բաց հանքերը, ինչպես առաջարկվել է Ամուլսարի դեպքում, որտեղ օգտագործվելու են պայթուցիկներ և այլն: Ոչ մի երաշխիք չկա, որ աղտոտիչները չեն թափանցի ջրային ավազաններ»,- ասել է Թանկյանը:
Նրա խոսքով՝ հանքերի ստեղծած վտանգը հարատև է, իսկ դրանց հակադրվող օգուտը, այն է՝ աշխատատեղերի ստեղծումը՝ ժամանակավոր, ինչը պատճառ է դարձել, որ մի շարք արդյունաբերական երկրներում հրաժարվեն հանքարդյունաբերությունից կամ էլ էականորեն կրճատեն շահագործվող հանքերի քանակը:
«Ինձ համար սա խնդիր է, քանի որ ազդում է Հայաստանում ապրող մարդկանց վրա: Մոդելն ինքնին կենսակայուն չէ: Եվ ի վերջո, ոչ ոք չի հարցնում այնտեղ ապրող մարդկանց՝ ուզո՞ւմ են նրանք այդ հանքը, թե՞ ոչ», - շարունակել է հայազգի երաժիշտը:
Նրա կարծիքով՝ տեղի բնակչության կարծիքն ակնհայտ է, և այն միանշանակ բացասական է: Ի վերջո, հենց այդ մարդիկ են փակ պահում հանքի ճանապարհներն ու փորձում խոչընդոտել շինարարության շարունակությանը:
«Բնիկ ամերիկացիներն ասում էին՝ երեխաներիդ կերակրելու համար չպետք է թոռներիդ սպանես: Այսինքն՝ կարճատև օգուտի համար չի կարելի վնասել բնությունդ, երկիրդ, ժողովրդիդ: Այս է պատճառը, որ ես դեմ եմ հանքարդյունաբերությանը ընդհանրապես և Ջերմուկի մոտ «Լիդիան» ընկերության կողմից Ամուլսարի հանքի շահագործմանը մասնավորապես», - իր ուղերձը եզրափակել է Թանկյանը: