ԵԱՏՀ նախարարը Հայաստանի համակարգմամբ ԵԱՏՄ-Եգիպտոս բանակցությունների հաջող ընթացքի հույս է հայտնել
Economics Հայաստանը Եվրասիական տնտեսական միության՝ Իրանի հետ ցամաքային սահման ունեցող միակ երկիրն է և կարևոր կամուրջ է ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում:
«Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի ամփոփիչ ասուլիսին այս մասին նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի առևտրի հարցերով անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան:
«Հայաստանը շատ կարևոր կամուրջ է Իրանի հետ մեր ունեցած համաձայնագրերը գործնականում կիրառելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵԱՏՄ-ում ունեն ոչ ֆորմալ համաձայնություն, ըստ որի՝ ամեն երկիր համակարգում է որևէ ուղղությամբ բանակցությունները: «Իրանի հետ բանակցությունները համակարգում էր հենց Հայաստանը, և դրանք բավականին հաջող և արագ ավարտ ունեցան»,- նշեց բանախոսը:
Նիկիշինան ընդգծեց այն փաստը, որ Հայաստանն այժմ պատրաստակամություն է հայտնել համակարգել բանակցությունները Եգիպտոսի հետ:
«Մենք հույս ունենք, որ այդ բանակցությունները ևս հաջող կընթանան»,- ընդգծեց նա:
Նիկիշինան փարատեց Վիետնամի շուկա մտնելու հետ կապված մտահոգությունները՝ նշելով, որ այդ երկրի հետ ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը 35 տոկոսով, արտահանումն էլ 40 տոկոսով աճ է գրանցել: