Սենտ-Էտիենի և Սեն-Շամոնի ՀԲԸՄ-ի թատերախումբը «Ցիրուցան» բեմադրությունը կներկայացնի Երևանում
CultureՖրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երևանում հյուրախաղերով հանդես կգա ֆրանսիական Սենտ-Էտիեն և Սեն-Շամոն քաղաքների ՀԲԸՄ-ի թատերախումբը՝ ներկայացնելով «Ցիրուցան» բեմադրությունը՝ ֆրանսերեն լեզվով:
Ֆրանսիայից Հայաստան ժամանած թատերախումբը հոկտեմբերի 24-ին և 25-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում կլինի հայկական հոգսերի մասին ներկայացմամբ: Ֆրանսահայ Էդմոն Անեմյանի բեմադրած «Ցիրուցան»-ը հայրենիքից հեռացած ու Ֆրանսիայում բախտ որոնող հայերի մասին է: Նախագծի աջակիցներն են նշված քաղաքների քաղաքապետարաններն ու ՀՀ մշակույթի նախարարությունը:
Բեմադրության հեղինակ, ֆրանսահայ Էդմոն Անեմյանի խոսքով` ստեղծագործությունը 2005-ին և 2011-ին Հայաստան կատարած ուղևորությունների ընթացքում նրա ստացած տպավորությունների, ինչպես նաև Հայաստանից Ֆրանսիա տեղափոխված հայերի հետ զրույցների հանրագումարն է: «Ցիրուցան» բեմադրության առանցքում արտագաղթի, հեղինակի բնորոշմամբ՝ ցիրուցան եղած ազգի խնդիրներն են:
Ներկայացման հայաստանյան պրեմիերայի օրերին Երևանում կլինի նաև Սենտ-Էտիենի քաղաքապետը:
«Հայաստանը տեսնելու մեծ ցանկություն ունեին ոչ միայն քաղաքապետը, այլև մեր թատրոնի բոլոր դերասանները»,- նշել է Էդմոն Անեմյանը: