Եղել են և՛ շինծու գործեր, և՛ ապօրինի որոշումներ, և՛ հետապնդումներ
InterviewԹե որքանով համաներումը ծավալուն կլինի, կտեսնենք, երբ այն պաշտոնապես կհրապարակվի: Համացանցում 2 տարբերակի եմ հանդիպել, եթե երկու տարբերակներից մեկն է, այդքան էլ արտառոց ու ծավալով մեծ չէ: Orer.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սպասվելիք համաներմանը, նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:
«Առհասարակ ես դեմ կլինեի համաներումներին, եթե մենք ունենայինք այնպիսի դատական համակարգ, որի որոշումները կասկածի տակ չէին դրվի: Բայց որևէ մեկի համար կասկած չկա, որ Հայաստանում ո՛չ իրավապահ մարմինները, ո՛չ դատախազությունը և ո՛չ էլ դատական համակարգը չեն համապատասխանում գոնե նվազագույն ստանդարտներին: Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից համաներումը, ցավոք, միակ տարբերակն է, որով մենք կարող ենք, այսպես ասած, պետության մեղքերի թողություն տալ՝ իր պարտականությունները չկատարելու համար: Այնպես որ, շատ մեծ հույսեր ունեմ, որ մենք կունենանք այնպիսի դատական, իրավական համակարգ, որի գործողությունների արդյունքում առհասարակ համաներման կարիք չենք ունենա, կամ համաներում լինի, օրինակ, 20 տարին մեկ անգամ: Համաներմամբ պետությունն ինչ-որ չափով փորձում է մեղմել իր չկատարած պարտավորությունները, որովհետև բոլորն էլ գիտակցում են, որ եղել են և՛ շինծու գործեր, և՛ ապօրինի որոշումներ, և՛ հետապնդումներ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այդ համատեքստում նաև ցմահ դատապարտյալների խնդրին, իրավապաշտպանը նկատեց.
«Եթե համաներման նախագծում չեն անդրադառնում ցմահ դապարտյալներին, ապա պետք է մշակվեն որոշակի միջոցներ, որոնք հնարավորություն կտան անդրադառնալ նաև ցմահ դատապարտյալներին: Այո, հնարավոր է, որ նրանց մի մասը կատարել է հանցագործություն: Բայց ի վերջո պետք է հասկանալ և հաշվի առնել մի քանի էլեմենտներ. հնարավորություն ունեցե՞լ են արդյոք դատարանում լիարժեք պաշտպանվել, արդյո՞ք իրենց բոլոր իրավունքները պաշտպանված են եղել, արդյո՞ք պահվել են այնպիսի պայմաններում, որոնք կարող են կոչվել մարդկային պայմաններ: Բնականաբար՝ պատասխանը «ոչ»-ն է լինելու: Բացի այդ՝ կան ցմահ դատապարտյալներ, որոնց մեղքը մինչև վերջ ապացուցված չի եղել»:
Նրա խոսքով՝ ցմահ դատապարտյալներին պետք է վաղաժամկետ, ինչպես նաև ներման միջոցով ազատվելու հնարավորություն տալ: Ն. Կարապետյանցը շեշտեց, որ նրանք հասարակության մի մասն են, որոնց չի կարելի անտեսել:
Իսկ թե ի՞նչ պետք է անել առհասարակ համաներման կարիք չունենալու համար, իրավապաշտպանը նշեց, որ նախ պետք է ունենանք կադրային փոփոխություններ:
«Այն քննիչը, այն դատախազը, որը չի կարողանում հասկանալ, որ մարդու իրավունքը գերագույն արժեք է, նա ուղղակի ի վիճակի չէ աշխատել և կայացնել այնպիսի որոշումներ, որոնք կբխեն արդարադատության բուն էությունից: Նույնը վերաբերում է նաև դատավորներին: Սա, իհարկե, չի նշանակում, որ պետք է կադրային ջարդ լինի, բայց սա նշանակում է, որ իրենց հետ շատ ակտիվ պետք է աշխատել, հասկանալ, թե ովքեր են գիտակցում կարևորությունը, ովքեր են ի վիճակի նոր աշխատանքային ռեժիմով աշխատել, ովքեր՝ ոչ: Պետք է թողնեն միայն նրանց, ովքեր հասկանում ու գիտակցում են կարևորությունը: Բացի այդ, անհրաժեշտ է, որ քաղաքացին ևս շատ բարձր իրավագիտակցություն ունենա: Չափազանց կարևոր են նաև աշխատանքային պայմանները, որոնք պետք է ստեղծվեն վերոնշյալ փոփոխություններից ու ընտրությունից հետո: Խոսքը նաև բարձր աշխատավարձի մասին է, որ, օրինակ, քննիչը քննչական գործողությունների գնալու համար մեքենայի մեջ բենզին լցնելու համար իր գրպանից գումար չդնի, կամ քրեական գործերը տպելու ու կողմերին բաժանելու համար ստիպված չլինի գումար ծախսել: Մենք տարիներ շարունակ նման երևույթների ականատեսն ենք եղել»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ նշված գործոնները քայլ առ քայլ առաջ շարժվելու հնարավորություն կտան:
Նինա Կարապետյանցը շեշտեց, որ այսօր այս համակարգում փոփոխություններ ակնկալելն իրատեսական է. «Ամենակարևորն այն է, որ կա քաղաքական կամք, այսինքն այն կարևոր գործոնը, ինչը տարիներ շարունակ բացակայել է: Իհարկե, հնարավոր է, որ խնդիրները շատ արագ չլուծվեն, բայց ես մեծ հույսեր ունեմ, որ կլուծվեն»