Թուրքիան Խաշոգջիի սպանության միջազգային հետաքննության անհրաժեշտություն չի տեսնում
International newsԹուրքիան սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար միջազգային հետաքննության անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Վիեննայի կոնվենցիայի համաձայն (դիվանագիտական հարաբերությունների), հյուպատոսության տարածքը գտնվում է Սաուդյան Արաբիայի իրավասության ներքո: Սակայն նույն կոնվենցիայով, այն գտնվում է Թուրքիայի սահմաններում, հետեւաբար, հետաքննությունը պետք է իրականացվի թուրքական օրենսդրության համաձայն, եւ մեր նախագահը արդեն ասել է այդ մասին:
Բայց այս գործը պետք չէ միջազգային հետաքննության հասցնել եւ նման մտադրություն չկա: Այն պետք է կատարվի եւ իրականացվում է թուրքական օրենսդրությամբ», - ասել է Չավուշօղլուն:
Նա հավելել է, որ սաուդյան կողմին ուղղված Թուրքիայի որոշ հարցեր դեռւես անպատասխան են մնացել:
«Մարմինը դեռ չի գտնվել: Եթե դուք ընդունում եք սպանությունը, ինչու՞ չեք ասում, թե որտեղ է մարմինը: Այստեղ ոչ միայն քրեական, այլեւ մարդասիրական հարց կա՝ չէ որ ընտանիքը սպասում է», — ասել է նա: