ՀՕՖ-ը Տավուշում քննարկել է թերսնուցման եւ դրա հետեւանքով առաջացող զարգացման խնդիրները
SocietyԱյսօր Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) Երեխաների թերսնուցման եւ դրա հետեւանքով առաջացող զարգացման խնդիրները թեմայով համաժողով էր կազմակերպել Տավուշի մարզի Իջեւան քաղաքում։
Ինչպես տեղեկացրին ՀՕՖ հաղորդակցության բաժնից, երեխաների թերսնուցման եւ դրա հետեւանքով առաջացող զարգացման խնդիրները կազմակերպության ուշադրության կենտրոնում են 2011թվականից։ 2013 թվականին, մեկնարկելով Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում (ԱՀՏՄ) բազմաբաղադրիչ ծրագիրը, ՀՕՖ-ը դրա բաղադրիչներից մեկն ուղղել է նախադպրոցական տարիքի երեխաների սնուցման եւ առողջության բարելավմանը՝ թիրախ ընտրելով Տավուշի մարզի Բերդ քաղաքն ու հարակից 14 գյուղական համայնքները:
Համաժողովին ներկայացվեց, թե որքանով է կարեւոր երեխաների սնուցումը որեւէ երկրի տնտեսության զարգացման ու հանրային առողջապահության համար, փորձագետները խոսեցին Հայաստանի ու միջազգային փորձի մասին, դիտարկեցին առկա իրավիճակը, ՀՕՖ-ի ներկայացուցիչները ներկայացրին ԱՀՏՄ-ի արձանագրած հաջողություններն ու հաղթահարած եւ առաջիկա մարտահրավերները, ծրագրի հեռանկարները։
ՀՕՖ-ի առողջապահական եւ սոցիալական հարցերի պատասխանատու Վահե Քրմոյանը ներկայացրել է, որ ԱՀՏՄ ծրագրի առողջապահական ծրագրի շրջանակներում հիմնովին կամ մասնակի վերանորոգվել է Բերդի տարածաշրջանի 7 մանկապարտեզ, վերնորոգվել ու վերազինվել է 5 մայրական սենյակ, բալանսավորված սննդի տրամադրման ծրագրում ընդգրկված է 16 մանկապարտեզ։
«Մայրիկները խուճապի չեն մատնվում, մայրիկները ժամանակին են երեխաներին տանում բուժզննության, մայրիկները մանկապարտեզներից բաղադրատոմսեր են ուզում, քանի որ երեխաները պահանջում են պատրաստել նույն աղցանից կամ ապուրից, - ԱՀՏՄ արդյունքներն է ներկայացրել ՀՕՖ-ի Բերդի գրասենյակի համակարգող Վալյա Ապրեսյանը: - Մեր նպատակներից մեկը եղել է նաեւ վարքագծի մոտեցումները փոխելը եւ այս ամենը մեր հեռահար նպատակների իրականացման առաջին պտուղներն են»:
ՀՕՖ-ի Առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը տեղեկացրել է, որ ծրագիրը շարունակվելու է եւս հինգ տարի ու ընդգրկելու է Բերդի տարածաշրջանից դուրս գտնվող գյուղեր․ «Մենք փորձում ենք այնպես անել, որ ծրագրի ավարտից հետո էլ մեր ներդրած մոդելները աշխատեն, որպեսզի համայնքի ղեկավարները շարունակեն երեխաներին նույն կերպ կերակրել, որպեսզի համագործակցությունը ծնողների ու գյուղերի բուժաշխատողների միջեւ շարունակվի»։
Սնուցման կարեւոր հարցերի վերաբերյալ ելույթ են ունեցել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մարդու սնուցման ինստիտուտի պրոֆեսոր Կիմ Հեքիմիանն ու Մուրացան համալսարանական մանկական կլինիկայի մանկաբույժ, «Վստահություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը։
Համաժողովին մասնակցում էին մարզի առողջապահության ներկայացուցիչները առողջության առաջնային պահպանման օղակներից, նախակրթական հաստատությունների ղեկավարները, համայնքապետերը, մարզպետարանի առողջապահության, կրթության եւ տարածքային կառավարման պատասխանատուները, մարզում գործող ՀԿ-ները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։