Չինաստանն ու Ճապոնիան պատրաստ են հարաբերությունների կարգավորմանը
International newsՉինաստանն ու Ճապոնիան երկկողմ հարաբերությունների ամրապնդման համաձայնագրեր են ստորագրել՝ խոստանալով համագործակցությունն ակտիվացնել ֆինանսների եւ առեւտրի ոլորտից մինչեւ ինովացիաներ եւ արժեթղթերի ցուցակներ, փոխանցում է Reuters-ը:
Համաձայնագրերը ստորագրվել են Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի Պեկին այցի ժամանակ, որը 7 տարում առաջին անգամ է Չինաստան այցելել:
Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ համատեղ ճեպազրույցում լրագրողների առջեւ ելույթ ունենալիս Աբեն նշել է, որ Ճապոնիան ու Չինաստանն են կրում տարածաշրջանային անվտանգության ապահովման հիմնական պատասխանատվությունը եւ միասին կաշխատեն Հյուսիսային Կորեայի խնդրի շուրջ:
Նրա խոսքով՝ Ճապոնիան հավատարիմ է Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանը, սակայն դրա համար անհրաժեշտ է մի քանի հարցեր լուծել՝ ներառյալ Հյուսիսային Կորեայում առեւանգված ճապոնացիների հարցը:
Լի Կեցյանը նշել է, որ Չինաստանը պատրաստ է առաջ մղել Ճապոնիայի հետ հարաբերությունները եւ վերադառնալ առողջ ու կարգավորված երկկողմ հարաբերություններին: Նա նշել է, որ Չինաստանը նաեւ աջակցում է Ճապոնիայի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ հարցերի կարգավորման բանակցություններին:
Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ ընդունում են, որ ազատ առեւտուրը պետք է պաշտպանված լինի: Նա հավելել է, որ Չինաստանը չի ցանկանում յուանի մրցակցային դեւալվացիա անցկացնել: