Հանդիսավորությամբ նշվեց Ճամբարակի երաժշտական դպրոցի 50-րդ տարեդարձը
SocietyՃամբարակի երաժշտական դպրոցի կոլեկտիվը եւ ճամբարակի համայնքապետարանը նշեցին դպրոցի հիմնադրման 50-ամյակը:
Հոբելյանական արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանը, Ճամբարակի տարածաշրջանի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր, դպրոցի ներկա եւ նախկին տնօրեններ, ուսուցիչներ ու սաներ: Դպրոցի 50-ամյա տարելիցն ազդարարող հուշատախտակը բացեցին Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանը եւ դպրոցի հիմնադիր ու առաջին տնօրեն Սաշիկ Գրիգորյանը: Այնուհետ դպրոցի դահլիճում մեկնարկեց հանդիսավոր արարողությունը: Հանդիսավարն իր խոսքում մեծարանքի եւ երախտագիտության խոսքեր հնչեցրեց՝ ուղղված դպրոցի հիմնադիր տնօրեն Սաշիկ Գրիգորյանին եւ մնացած բոլոր չորս տնօրեններին:
«Մեր տնօրենների գործադրած ջանքերի, պրպտուն աշխատանքի եւ մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ դպրոցն ունեցել է լավագույն եւ շնորհալի սաներ, ովքեր իրենց ուսումն են շարունակել տարբեր երաժշտական հաստատություններում, տարբեր ստուգատեսներում արժանացել խրախուսանքի եւ մրցանակների: Ճամբարակի երաժշտական դպրոցն իր գործունեությունը չի դադարեցրել անգամ 1992-1994 թվականներին տարածքի սահմաններում ծավալված ռազմական գործողությունների ժամանակ:Իսկ այսօր 50-ամյա դպրոցը հաջողություններ է գրանցում ժամանակի պահանջներին համընթաց», -նշեցին ելույթ ունեցողները: Ճամբարակի երաժշտական դպրոցն ունի գործիքային տարբեր եւ երգ-երաժշտության բաժիններ, 8 մանկավարժ, 65 սան:
Դպրոցն ունի մասնագետ մանկավարժների պակաս, որը փորձում են լրացնել մարզի երաժշտական հաստատություններն ավարտած մասնագետների ուժերով: Անհրաժեշտություն կա թարմացնել նաեւ օգտագործվող երաժշտական գործիքների կազմը, որին աջակցել եւ փորձում են աջակցել տարբեր կազմակերպություններ: Ճամբարակի համայնքային բյուջեից տրամադրված միջոցների հաշվին այս տարի կատարվել է դպրոցի շենքի արտաքին տեսքի մասնակի բարեկարգում: Ճամբարակի երաժշտական դպրոցին ցուցաբերած աջակցության համար դպրոցի տնօրենը շնորհակալական խոսքեր հղեց մի շարք բարերարների: Երաժշտական դպրոցի հոբելյանական տարեդարձի առթիվ ներկաներին ողջունեց նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Շնորհավորում եմ բոլորիս 50-ամյա երաժշտական դպրոց ունենալու կապակցությամբ: Այս դպրոցը կերտել է հարուստ պատմություն, թողել անջնջելի հետքեր երաժշտական կրթության ոլորտում: Ես կարծում եմ, որ մենք պետք է մտածենք նաեւ այս դպրոցի հաջորդ 50 տարիների մասին, որպեսզի այն զարգանա նորովի եւ ամբողջովին համապատասխանի ժամանակակից պահանջներին: Պետք է մտածենք մեր քաղաքի մշակութային եւ համայնքային կյանքը բարելավելու մասին, հոգ տանենք, որպեսզի մշակութային յուրաքանչյուր հաստատություն իր նպատակին ծառայի, ծառայի իր երկրին, իր ժողովրդին, որպեսզի մեր սերունդները դաստիարակվեն մշակութային մթնոլորտում:
Նման ձեռնարկները խթան կհանդիսանան, որպեսզի ճամբարակցիներն էլ ավելի ամուր կապվեն իրենց հայրենի հողին: Եկեք սիրենք ու պահպանենք մեր մշակութային օջախները»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը: Հանդիսության ընթացքում ՀՀ Մշակույթի նախարարության կրթության աջակցության հիմնադրամի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները հոբելյանի առթիվ Ճամբարակի երաժշտական դպրոցին հանձնեցին հիմնադրամի շնորհավորական ուղերձը: Ճամբարակի երաժշտական դպրոցի հիմնադրման եւ դպրոցում կատարած երկարամյա ու անբասիր աշխատանքի համար Ճամբարակի քաղաքապետարանի շնորհակալագրով եւ պատվոգրով խրախուսվեցին դպրոցի հիմնադիր տնօրեն Սաշիկ Գրիգորյանը, գործող տնօրեն Արմինե Խեչոյանը, մանկավարժներ եւ երաժշտական դպրոցի կոլեկտիվը: Հանդիսավոր արարողությունից հետո իրենց երաժշտական կատարումներով ներկաներին ողջունեցին Ճամբարակի երաժշտական դպրոցի տարբեր բաժինների շնորհալի սաները:
Խոսրով Խլղաթյան