Հայաստանը կրիպտոարժույթների մայնինգի համար շահութաբեր պայմաններ չի առաջարկում. Սամվել Մարտիրոսյան
TVԲիթքոինը պաշտոնապես ճանաչած երկրների տասնյակը գլխավորում է Ճապոնիան, որին հաջորդում են Միացյալ Նահանգները, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և այլ երկրներ: Մեր հարևաններից կրիպտոարժույթների մայնինգով հայտնի է Վրաստանի փորձը. կրիպտոարժույթների արտադրությամբ Վրաստանը աշխարհում երկրորդ տեղում է՝ ԱՄՆ-ից հետո:
Տեղեկատվության անվտանգության հարցերով Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանը այդքան էլ շահութաբեր պայմաններ չի առաջարկում. «Էլեկտրաէներգիան այստեղ էժան չէ, հարկային քաղաքականությունը նեղ ոլորտի համար բացակայում է, և պարզ չէ, թե երբ նոր օրենք կընդունվի, և այդ օրենքները ներդրողներին կխթանե՞ն, թե՞ հակառակը»:
Սամվել Մարտիրոսյանը նշում է՝ ընդհանրապես մայնինգի ապագան աշխարհում հարցականի տակ է: «Կրիպտոարժույթների շուկան հիմա լավ ընկած է և բարձրանալու միտում դեռ չկա: Այսինքն՝ այս պահին վտանգ չկա, որ կարող է բերել էներգահամակարգի կոլապսի»,- նկատում է փորձագետը՝ չբացառելով, սակայն, որ կարող է նորից պայթյունային աճ լինել, և նրանք, ովքեր մայնինգային հզորություն ունեն, իհարկե մեծ շահույթներ կստանան: