Թուրքիան հրաժարվել է Սաուդյան Արաբիային փոխանցել սաուդացի սպանված լրագրողի գործով բոլոր ապացույցները
International newsԹուրքիան հրաժարվել է Սաուդյան Արաբիային փոխանցել սպանված սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի գործի հետ կապված բոլոր ապացույցները, որոնք առկա են նրանց ձեռքի տակ, այս մասին գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը:
Հայտնի է, որ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ Մուաջիբը, ով գործի բացահայտման շրջանակներում այժմ գտնվում է Ստամբուլում, թեմայի շուրջ բանակցություններ է վարել իր թուրք գործընկերոջ՝ Ստամբուլի գլխավոր դատախազի հետ: Այստեղ Մուաջիբը ևս մեկ անգամ վերահաստատել է սաուդյան կողմի այն դիրքորոշումը, ըստ որի՝ գործով կասկածյալ Սաուդյան Արաբիայի 18 քաղաքացիները պետք է քննվեն ու կրեն իրենց պատիժը հայրենիքում:
Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել էր, որ Սաուդյան Արաբիան իրենց արտահանձնի Խաշոգջիի սպանության գործով 18 կասկածյալներին:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով: