Բարերարը Փաշինյանի հետ հանդիպման էր եկել դստեր, մոր, եղբոր և քույրերի հետ
TVAsekoseNews-Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանին, ով ԱՄՆ առողջապահական ոլորտի հայտնի ներկայացուցիչ է և ԱՄՆ 14 նահանգների 45 հիվանդանոց ներառող խոշոր ցանցի ղեկավար:
Ողջունելով Մայք Սարյանի առաջին այցը Հայաստան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել նրա երկարամյա մասնագիտական գործունեությունը, ինչպես նաև դերակատարությունը ամերիկահայ համայնքի կյանքում, Հայաստանի ու Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերում: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ արդյունավետ համագործակցություն կձևավորվի, ինչը կնպաստի առողջապահության ոլորտում բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը:
Մայք Սարյանը, շնորհակալություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար, նշել է, որ հպարտ է հնարավորություն ունենալ՝ որպես հայ իր նպաստը բերելու հայրենիքի առաջընթացին: Նա պատրաստակամութուն է հայտնել օժանդակել վարչապետի պաշտոնակատարին, կառավարությանը և առողջապահության նախարարությանը՝ բարեփոխումները կյանքի կոչելու գործում և իր փորձը, մասնագիտական հմտությունները ծառայեցնել Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացմանը, կոնկրետ ծրագրերի իրականացմանը:
Վարչապետի պաշտոնակատարը ողջունել է Մայք Սարյանի գործնական տրամադրվածությունը և ընդգծել, որ Հայաստանի համար այս նոր և կարևոր ժամանակաշրջանում անհրաժեշտ է աշխարհասփյուռ հայության մեծ ներուժը ներգրավել մեր երկրի ապագայի կառուցման գործում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առողջապահության ապահովագրության, բժշկական հաստատությունների արդիականացման, մասնագիտական վերապատրաստման և մի շարք այլ ուղղություններով համագործակցության հեռանկարների շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առողջապահության նախարարի պաշտոնակատարի հետ վաղը կայանալիք հանդիպման ժամանակ ավելի մանրամասն կքննարկվեն կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները: