Խաշոգջիին խեղդել և մասնատել են հյուպատոսություն մտնելուց անմիջապես հետո. Ստամբուլի դատախազությունը մանրամասներ է հրապարակել
International newsՍաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիին անմիջապես խեղդամահ են արել, երբ վերջինս մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն, այնուհետև նրա մարմինը մասնատել են:
Ինչպես հաղորդում է Daily Sabah պարբերականը, նոր մանրամասները հայտնել է Ստամբուլի դատախազությունը՝ նշելով, որ մասերից այնուհետև ձերբազատվել են նախապես մտածված ծրագրով:
Թուրքիայի դատախազությունը նույնպես հայտնել է, որ Ստամբուլի դատախազ Իրֆան Ֆիդանի և Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ-Մոջեբի զրույցը «որոշակի արդյունքների» չի բերել:
Աղբյուրի ընդգծմամբ՝ այս հայտարարությունը Թուրքիայի դատախազության կողմից առաջին պաշտոնական հաստատումն է այն բանի, որ Խաշոգջիին խեղդել և մասնատել են, երբ վերջինս ոտք է դրել հյուպատոսության շենք:
Հիշեցնենք, որ սաուդացի լրագրողը, որը հայտնի էր սաուդյան ներկայիս իշխանությունների նկատմամբ քննադատություններով, անհետացել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում հյուպատոսություն մտնելուց հետո: Հոկտեմբերի 19-ին Սաուդյան Արաբիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ հաստատելով, որ լրագրողը մահացել է հյուպատոսության աշխատակցի հետ բանավեճի հետևանքով: