Հայաստանի Հանրապետությունը տնտեսության զարգացման որևէ հստակ մոդել երբևէ չի ունեցել
InterviewՕրերս հայտարարվեց, որ կառավարությունը պատրաստվում է փոխել տնտեսության կառուցվածքը, քանի որ ներկա մոդելը, երկարաժամկետ կտրվածքով, կայուն տնտեսական աճի հեռանկար չի ապահովում: Հայտարարությունն, անշուշտ, ուշագրավ է, հատկապես այն տեսանկյունից, թե արդյո՞ք Հայաստանն անցած տարիներին առհասարակ ունեցել է տնտեսական կառուցվածք, թե՞ ոչ: Եթե՝ այո, ապա ի՞նչ է եղել դրա անունը:
Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը, ով երբեք էլ հոռետեսական տրամադրություններ չի ունեցել և երբեք էլ չի մտածել, թե ուր որ է երկրի տնտեսական ցուցանիշները կզրոյանան, նման ահազանգեր հնչեցնողներին անվանեց նոմենկլատուրային հոռետեսներ, որոնք հատուկ վատ լուրեր գուժելու համար են տնտեսագետ դարձել: Ինչ վերաբերում է տնտեսության կառուցվածքին, ապա նա նշեց, որ Հայաստանը մինչ օրս տնտեսության կառուցվածք չի ունեցել:
«Հայաստանի Հանրապետությունը տնտեսության զարգացման որևէ հստակ մոդել երբևէ չի ունեցել և հիմա էլ չունի: Պետք է բոլորովին նոր մոդել մշակել, իսկ մնացած բառակապակցությունները, որոնք հնչել են մինչև այսօր կամ հնչեցվում են՝ անօգուտ արտահայտություններ են: Իրականում մեր տնտեսությունը կամայական է զարգանում, իսկ ավելի կոնկրետ՝ զարգանում է մասնավոր ձեռնարկատերերի համառության հաշվին: Այսինքն, մենք չունենք տնտեսական քաղաքականություն, բացառությամբ առանձին ոլորտների: Օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, որպես պետություն, առաջնահերթություն ենք տվել: Նույնը զբոսաշրջության ոլորտին է վերաբերում: Բայց դրանք մոդելներ չեն: Տնտեսական մոդելը բոլորովին այլ հասկացություն է»,– ասաց Թ. Մանասերյանը:
Նման մոդել ունենալու համար հարկավոր է մշակել այնպիսի մեխանիզմ, որը հեռանկարում կհանգեցնի ոչ միայն տնտեսության զարգացմանը, այլև մարդկային զարգացմանը: Բացի այդ, կլուծի նաև սոցիալական խնդիրները, համոզված է տնտեսագետը: Իսկ այն, ինչ հիմա ունենք ու կոչում ենք տնտեսություն, ըստ նրա, որևէ անուն չունի: Մանասերյանի խոսքով՝ ազատական տնտեսությունը կամայականորեն զարգացել և հասցրել է ինչ–որ տեղ, բայց պլանային տնտեսության փլուզումից հետո որևէ այլ մոդել չի մշակվել:
«Ըստ էության, այդ մոդելը հնարավոր է ձևավորել գլոբալ ֆինանսական ճգնաժամից հետո միայն: Մինչ այս, և՛ Հայաստանի, և՛ հետխորհրդային երկրների վրա անուղղակի ճնշում է եղել միջազգային կառույցների կողմից, որը տանում էր պետության դերի նսեմացման: Այդ պայմաններում, բնական է, որևէ մոդել չէր էլ կարող ողջունելի լինել իրենց կողմից»,– ասաց Թ. Մանասերյանը:
Տնտեսագետի կարծիքով, տնտեսության զարգացման մոդելը կարող է ազգային սոցիալական շուկայական տնտեսությունը լինել: Ու թեև նա 20 տարուց ավելի պայքարել է, որպեսզի նման մոդել կիրառվի Հայաստանում, այդպես էլ ոչինչ չի ստացվել:
Ի դեպ, նշենք նաև, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդպիսի մոդելով է զարգացել Գերմանիան: Ու հենց դրա շնորհիվ է դարձել եվրոպական երկրների մեջ ամենահզոր տնտեսություն ունեցող երկիրը:
«Եվրամիության երկրների մեջ իր տնտեսական նվաճումների շնորհիվ Գերմանիան այսօր ունի նաև քաղաքական դիվիդենտներ: Այս ամենին հասել է սոցիալական շուկայական տնտեսության մոդելի շնորհիվ: Բարեբախտաբար, իմ երկու տասնամյակի պայքարը հաջողությամբ պսակվեց, և այսօր մենք այն արդեն ունենք ձևակերպված մեր Սահմանադրության մեջ: Առայժմ ավելի հանճարեղ կամ ավելի արդյունավետ մոդել մարդկությանը չի հաջողվել ստեղծել: Իսկ ինչո՞ւ ազգային սոցիալական շուկայական տնտեսության մոդել, որովհետև ամեն երկիր իր ազգային առանձնահատկություններն ունի, ինչը կարևոր է: Ուստի չենք կարող մեկ մոդելն այլ երկրում կիրառել, առանց այդ ամենը հաշվի առնելու»,– ասաց Թ. Մանասերյանը:
Տնտեսագետը համոզված է, որ նախորդ հասարակարգի նման պլանային տնտեսության հնարավոր չէ վերադառնալ: Փոխարենը հարկավոր է այնպիսի մեխանիզմներ մշակել, որ և՛ միկրո, և՛ մակրո մակարդակում այն առողջ մրցակցային հարաբերությունների պայմաններում զարգանա: Բացի այդ, տնտեսական զարգացումն ուղղված լինի մարդու բարեկեցության բարձրացմանը:
«Հայաստանի դեպքում մենք անսահմանափակ հնարավորություններ ունենք զարգանալու, որովհետև խոսքը ոչ թե հանքային ռեսուրսներին է վերաբերում, ինչպես սխալմամբ ընկալում են շատերը, իսկ որոշ օտարերկրացիներ էլ մատ են թափ տալիս մեզ վրա և ասում են, թե ինչ անենք, այլ՝ մարդկային ռեսուրսին: Եվ այս առումով մենք անսահմանափակ հնարավորություններ ունենք, հատկապես, եթե հաշվի առնենք, որ մենք ոչ միայն Հայաստանով ենք սահմանափակվում, այլ ողջ հայության մրցակցային առավելություններով: Դա է զարգացման միակ հնարավոր ճանապարհը, որը Հայաստանի համար ոչ միայն իրատեսական, այլև լավատեսական ծրագիր է: Մեկ կարևոր հանգամանք ևս. հետպատերազմյան Գերմանիայի բոլոր բարեփոխումների հիմքում եղել է մարդը: Այդ մոդելի հեղինակի մոտեցումն այն էր, որ բարեփոխումները, որոնք ուղղված չեն մարդու բարեկեցության բարձրացմանը, պետք է անմիջապես դադարեցվեն: Այդ է պատճառը, որ Գերմանիան արդեն 60– ականներին կարողացավ տարեկան մոտ 35 % միջին տեմպ ապահովել և առաջ անցնել բոլոր զարգացած երկրներից»,– ասաց Թ. Մանասերյանը:
Տնտեսագետը նշեց նաև, որ արդեն իսկ մշակվել է ճանապարհային քարտեզ, որի հիմքում սոցիալական տնտեսության մոդելն է: Այն մշակելու վրա տարիներ են ծախսվել, բացի այդ, թարմացվել է՝ հաշվի առնելով նոր ստեղծված իրավիճակային առանձնահատկությունները: Միջազգային լուրջ կառույցների կողմից նույնպես այն անցել է փորձագիտական փորձաքննություն, քննարկվել է նաև Հայաստանի, սփյուռքի և Արցախի մասնագետների կողմից:
«Անկեղծ ասած, ես կասկածում եմ, որ ներկայիս կառավարության մոտ դրանից օգտվելու ցանկություն լինի, քանի որ բոլոր կառավարություններին էլ թվում է, թե իրենք այնքան գրագետ ու բանիմաց են, որ փորձագետի կամ փորձագիտական կարծիքի կարիք չունեն: Այս հարցում պահանջը պետք է վերևից լինի, բայց մեր երկրում, ցավոք, ո՛չ գիտելիքն է պահանջված, ո՛չ էլ մասնագիտական փորձառությունը: Եթե նման ցենզ դրված լիներ, ապա մենք նման գորշ իրավիճակում չէինք լինի, իսկ եթե իրոք կառավարությանը հետաքրքրի, ապա սիրով կարող ենք այն տրամադրել»,– ասաց Թ. Մանասերյանը: