Արցախի հարցում Իրանի կողմից արված որևէ հակահայկական ուղերձ չկա
InterviewԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցը դիտարկվեց որպես ուղերձ, որի թիրախում նաև Իրանն էր: Այս համատեքստում հնչեցին տարբեր գնահատականներ՝ կապված այս փուլում Հայաստանի դիրքավորման հետ: Իրանագետ Արտյոմ Տոնոյանի խոսքով՝ Իրանի հետ հարաբերություններում Հայաստանի կեցվածքի խնդիրը ձևակերպված է վաղուց, և այստեղ նոր կեցվածք ընդունելու կամ կեցվածքի փոփոխության հարց ընդհանրապես չպետք է քննարկվի:
«Իրանը Հայաստանի համար հազարամյա բարեկամ է: Այդ բարեկամական հարաբերությունները որևէ կերպ չպետք է կասկածի տակ դրվեն կամ որևէ կերպ քննարկվեն քայլեր, որոնք կարող են վնաս հասցնել հայ–իրանական բարեկամությանը: Իրանը Հայաստանի համար ունի չափազանց կարևոր նշանակություն: Ընդ որում, թե՛ անվտանգային, թե՛ ռազմավարական և թե՛ նման այլ հարաբերություններում պետք է չափազանց զգույշ լինել: Հայաստանը որևէ երրորդ երկրի համար չպետք է դառնա հարթակ՝ հակաիրանական հայտարարություններ հնչեցնելու համար: Այդ առումով պետք է չափազանց զգույշ լինել և թույլ չտալ քայլեր, որոնք որևէ կերպ կարող են վնասել հայ–իրանական հարաբերությունները, և դա՝ անկախ նրանից, թե ինչպիսի ուժ է կանգնած այդ երրորդ պետության անվան տակ»,–Orer.am-ի հետ զրույցում ասաց իրանագետը:
Նոր իշխանության արտաքին քաղաքականության համատեքստում անդրադառնալով Իրանի հետ ունեցած հարաբերություններին՝ Արտյոմ Տոնոյանը նշեց. «Իրանի հետ հարաբերությունները կառուցվել են այնպիսի հողի վրա, որը երկարաժամկետ հեռանկարով ի վիճակի է ապահովել թե՛ շարունակական զարգացումը, թե՛ բարեկամական հարաբերությունների պահպանումը: Բայց դա չի նշանակում, որ պետք է այդ հարաբերությունները մատնել անտարբերության կամ այդ հարաբերությունների նկատմամբ չլինել զգույշ և զգայուն: Համարում եմ, որ ԻԻՀ–ի հետ գործակցությունը պետք է խորանա, որևէ պահի չպետք է դադարի շարունակական զարգացմանը միտված քայլերի իրականացումը: Խիստ կարևոր է, որ Հայաստանը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաները, և հատկապես առաջին դեմքը՝ վարչապետը, հնարավորինս արագ հանդիպի Իրանի նախագահի հետ: Ըստ էության, տեղի ունեցած փոփոխություններից հետո խիստ կարևոր է հանդիպել և որոշակի հարցերի շուրջ կատարել որոշակի ճշգրտումներ»:
Իրանագետն ընդգծեց, որ խոսքը պաշտոնական այցի անհրաժեշտության մասին է:
Ինչ վերաբերում է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին և այդ համատեքստում Հայաստանի դիրքին, նա հավելեց. «Հաշվի առնելով Բոլթոնի այցն ու հայտարարությունները, ըստ իս, կարիք կա ամենաբարձր մակարդակով ևս մեկ անգամ ընդգծել այն կարևորությունը, այն բացառիկությունը, որը Հայաստանի համար ունի Իրանը: Եվ պետք է ևս մեկ անգամ ընդգծել, որ չի լինի այդ հարաբերությունները որևէ կերպ վտանգել, և Իրանի հետ հարաբերությունների առումով ՀՀ–ի վրա չպետք է լինի երրորդ երկրի կողմից որևէ ճնշում: Որովհետև Հայաստանն, ըստ էության, այլընտրանքային հարաբերությունների լայն զինանոց առանձնապես չունի, իսկ Իրանը հարավային դարպաս է Հայաստանի համար: Չեմ կարծում, որ Իրանի դեմ որևէ պատժամիջոց պետք է պրոյեկտվի Հայաստանի Հանրապետության քաղաքականության և Իրանի հարաբերությունների վերաձևակերպման վրա»:
Նշենք, որ հոկտեմբերի 30–ին Ստամբուլում Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև եռակողմ հանդիպում է եղել, որտեղ անդրադարձ է կատարվել նաև արցախյան խնդրին: Հաշվի առնելով հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության տեքստը` կարծիքներ էին հնչել, թե Իրանի կողմից Արցախի հարցում դիրքորոշման փոփոխություն կա:
Անդրադառնալով նշվածին ու թե՛ համատեղ հայտարարության, թե՛ ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հնչեցրած դիրքորոշումներին՝ իրանագետն ընդգծեց. «Երկու դեպքում էլ չեմ համարում, որ Իրանի կողմից արցախյան հակամարտության հարցում դիրքորոշման որևէ փոփոխություն կա: Զարիֆն իր ելույթում բառացի նշել է, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ կարգավորման ու բանակցությունների շնորհիվ, և պետք է լուծվի շուտափույթ: Իսկ համատեղ հայտարարության տեքստում նա առանձին նշել է, թե կարևոր է, որ տարածաշրջանային հակամարտությունները լուծվեն միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի և այլ սկզբունքների հիման վրա:
Կարևորվել է հակամարտությունների խաղաղ լուծումը, ապա հաջորդել է նախադասություն, ըստ որի այդ սկզբունքներից ելնելով՝ պետք է լուծվի նաև ԼՂ հակամարտությունը: Ըստ իս՝ Իրանի կողմից արված որևէ հակահայկական ուղերձ չկա: Հայտարարությունն ընդհանուր է, հիմնականում փորձել են պահպանել որոշակի չեզոքություն: Եվ ըստ այդմ հայտարարել ու ասել, թե Իրանը փոխել է իր դիրքորոշումը արցախյան հակամարտության մասով, սխալ է»:
Իրանագետի խոսքով, միակ կետը, որը կարող է որոշակիորեն խնդրահարույց լինել, տարածքային ամբողջականության շեշտադրումն է: Նրա դիտարկմամբ, սակայն, սա մի կետ է, որի մասին թե՛ Ադրբեջանում, թե՛ Ադրբեջանից դուրս հակամարտության հետ կապված հայտարարությունների դեպքում, որպես կանոն, նշում են բոլոր երկրները. «Մյուս հանգամանքն այն է, որ հենց Իրանը պետք է մտահոգվի իր տարածքային ամբողջականության պահպանման խնդրով, որովհետև ԻԻՀ–ն մի երկիր է, որտեղ կան անջատողական ձգտումներ: Եվ առնվազն ծիծաղելի կլինի, եթե ԻԻՀ–ն համարի, որ չպետք է հարգվի երկրների տարածքային ամբողջականությունը»: