«Չիպոլինո» մանկական բալետային ներկայացումը կբեմադրվի նաև Երևանում
CultureԿարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացումը կբեմադրվի նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ նոյեմբերի 4-ին և 12-ին:
Նոյեմբերի 2-ին լրագրողներին հնարավորություն ընձեռվեց դիտել բալետի փորձը:
«Անչափ ուրախ և հպարտ եմ, որ այսքան տարի անց «Չիպոլինոն» կլինի մեր բեմում, որը «ծնել» է «Չիպոլինո» բալետի առաջին բեմադրիչ Հենրիխ Մայորովը»,- ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:
Նա ընդգծեց, որ այսուհետև «Չիպոլինո»-ն ընդմիշտ կլինի խաղացանկում:
«Բալետի բացառապես բոլոր պարողները հայեր են»,- շեշտեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Պարուսույց-բեմադրիչ Հենրիխ Մայորովն ընդգծեց, որ «Չիպոլինոն» մանկական բալետային ներկայացումը շատ բարդ է և պատահական չէ, որ Մեծ թատրոնում այն անվանում են մանկական «Սպարտակ»:
«Կարևոր է, որպեսզի մարդիկ թատրոն այցելեն երիտասարդ տարիքից, ովքեր հետո կրկին կգան օպերա և բալետ վայելելու: Սիմֆոնիկ երաժշտությունը, օպերան և բալետը արվեստի էլիտար տեսակներ են, հանդիսատեսին պետք է շատ վաղ հասակից սովորեցնել այդ արվեստը: Բալետը պետք է այնպես բեմադրել, որպեսզի երեխաների համար հասկանալի լինի, թե ինչպես է զարգանում սյուժեն, ով է բարի և ով չար»,- շեշտեց բալետմայստերը:
Անդրադառնալով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումների որակին՝ Մայորովը նշեց, որ հիացած է և աննկարագրելի տպավորություններ ունի Երևանում դիտած երկու ներկայացումներից` «Գայանե»-ից և «Ժիզել»-ից:
«Գայանե»-ն փայլուն ներկայացում էր՝ բարդ տեխնիկայով և ազգային կոլորիտով: Ամեն ինչ շատ երաժշտական էր և հաճույք ես ստանում նմանատիպ բեմականացումներ նայելիս՝ հենց դա է թատրոնի դերը»,- ընդգծեց պարուսույց-բեմադրիչը:
Խոսելով «Ժիզել»-ի մասին՝ վերջինս շեշտեց, որ այն շատ բարդ քննություն էր պարողների համար:
«Երջանիկ եմ, որ տեսել եմ իսկական մայրաքաղաքային մակարդակի ներկայացում: Բալետային խմբի հետ շատ եմ աշխատել, այնպես եմ արել, որ բալետային խումբը հասկանա` ներկայացման որակը, ողջ աշխատանքի միաձուլումն է: Ես սպասում էի, թե երբ է բալետային խումբը «պայթելու», և ահա եկավ ժամանակը ու այն «պայթեց»,- ասաց Մայորովը: