Մոսկվայում հասակակցի դեմ մահափորձի մեջ կասկածվող դպրոցականները քննչական մեկուսարան են տեղափոխվել
International newsԵրկու դպրոցականներին, որոնք Մոսկվայում սոցիալական ցանցում ծագած վեճի պատճառով դաժանաբար ծեծել էին իրենց հասակակցին, պահում են 5-րդ քննչական մեկուսարանում՝ հայտնի որպես «Վոդնիկ», փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Ներկայումս դեռահասները հարավ-արեւմտյան վարչական շրջանի ժամանակավոր պահման մեկուսարանից տեղափոխվել են 5-րդ քննչական մեկուսարան։ Այնտեղ նրանց պահում են անչափահասների համար կարանտինում՝ իրարից առանձնացված»,-«Ինտերֆաքսին» հայտնել է մայրաքաղաքի Հանրային հսկողության հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Իվան Մելնիկովը։
Նրա խոսքով՝ կարանտինում ձերբակալվածները, որպես կանոն, մի քանի օր են պահվում։ Այնտեղ մեկուսարանի աշխատակիցները նրանց նկատմամբ ավելի ուշադիր հսկողություն կիրականացնեն, նրանք բուժզննութոյւն կանցնեն, ինչպես նաեւ ձերբակալվածները կհանդիպեն հոգեբանի հետ։
Կարանտինից հետո դեռահասներին կտեղափոխեն ընդհանուր բանտախուց։
Նշենք, որ Մոսկվայի Չերտանովսկի դատարանը հոկտեմբերի 27-ին կալանքի որոշում է կայացրել 14-ամյա երկու դպրոցականների նկատմամբ, որոնք սովորում են դպրոցի 8-րդ դասարանում։ Դպրոցականներին մեղադրում են իրենց տարեկցի՝ նույն դպրոցի 9-րդ դասարանի 15-ամյա աշակերտի դեմ մահափորձ կատարելու մեջ։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ սոցցանցում վեճը որպես առիթ օգտագործելով՝ դեռահասները իրենց հասակակցի գլխին, մեջքին ու կենսական կարեւոր օրգաններին բազմաթիվ հարվածներ են հասցրել, ինչի հետեւանքով տուժողը հայտնվել է հիվանդանոցում։
Մելնիկովը պատմել է, որ դեռահասները զղջում են իրենց արարքի համար։ Նա պարզաբանել է, որ երկու տղաներն էլ ապրում են ոչ լիարժեք ընտանիքում, նրանց հայրերին փոխարինել են պապիկները։ Մելնիկովը նշել է նաեւ, որ 2-ն է դպրոցում լավ են սովորել, նրանցից մեկը հաճախել է անգլերենի պարապմունքների, իսկ մյուսը լողով է զբաղվել, դպրոցում նրանց սիրելի առարկան էլ պատմությունն է։
Քարտուղարը հայտնել է, որ կարանտինից դուրս գալուց հետո դեռահասները կկարողանան քննչական մեկուսարանում շարունակել ուսումը, բայց դասերին առանձին-առանձին կհաճախեն։