ԱՄՆ-ը պահանջում է Սաուդյան Արաբիայից հանձնել սպանված սաուդացի լրագրողի մարմինն իր ընտանիքին
International newsԱՄՆ-ը պահանջում է Սաուդյան Արաբիայից հանձնել սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի մարմինը նրա ընտանիքին՝ իսլամական ավանդույթներին համապատասխան կարգով հուղարկավորություն իրականացնելու համար, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Ռոբերտ Պալադինոն:
Ինչպես փոխանցում է «Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայությունը, Խաշոգջիի ընտանիքն արդեն ներկայացրել է իր պաշտոնական պահանջը նրա մարմինը ստանալու վերաբերյալ:
«Թուրք-արաբական մեդիայի» միությունն իր հերթին նախօրեին հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճնշում գործադրել Սաուդյան Արաբիայի դեմ Խաշոգջիի մարմինն ընտանիքին հանձնելու համար:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո: Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է. ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով: