Թուրքիայում ֆինանսական խնդիրների պատճառով շուրջ 120 խոշոր առևտրի կենտրոն կարող է անցնել բանկերին
International newsԹուրքիայում ֆինանսական խնդիրների պատճառով շուրջ 120 խոշոր առևտրի կենտրոն կարող է անցնել վարկատու բանկերին, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Բանն այն է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ առևտրի կենտրոններում տարածքի վարձակալության պայմանագրերը միմիայն թուրքական լիրայով կնքելու նախաձեռնությունը մեծ հարված է հասցրել առևտրի կենտրոնների տերերին, որոնք ամերիկյան դոլարի դիմաց բավականին արժեզրկված լիրայով գործարքներ անելիս շուրջ 15 մլրդ լիրայի վնաս են կրել:
Աղբյուրը նշում է, որ լուրջ ֆինանսական խնդիրների պատճառով բազմաթիվ առևտրի կենտրոնների տերեր գուցե չկարողանան վճարել իրենց բանկային վարկերը, ճգնաժամային այս իրավիճակում երկրում գործող շուրջ 120 խոշոր առևտրի կենտրոն կարող է ամբողջությամբ անցնել վարկատու բանկերին:
Նշենք, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության ֆոնին ԱՄՆ կողմից Թուրքիայի դեմ կիրառած տնտեսական պատժամիջոցների հետևանքով թուրքական լիրան անցյալ ամիսներին գրանցել էր ռեկորդային անկում դոլարի նկատմամբ: Այժմ թեև պատժամիջոցները վերացվել են, լիրային դեռևս չի հաջողվել ամբողջությամբ վերականգնել մինչճգնաժամյան արժեքը:
Տնտեսության մեջ դոլարից կախվածության նվազեցման նպատակով Էրդողանը խստիվ արգելել էր առևտրի կենտրոններում դոլարով վարձակալության գործարքներ իրականացնել՝ սպառնալով պատժիչ միջոցներ կիրառել հրահանգին չենթարկվողներին: