Գործող իրավանորմերը արգելակող և խանգարող դերակատարություն ունեն
Interview«Գործող Ընտրական օրենսգրքով սահմանված է պատգամավորների մանդատների հաշվման գործընթացը: Այս պահին չեմ կարող ասել և, իսկապես, հնարավոր չէ այս պահին արձանագրել, թե վերջնարդյունքում քանի պատգամավոր կլինի ԱԺ-ում: Միայն կարող եմ ասել, որ Սահմանադրության պահանջն է՝ ԱԺ-ն նվազագույնը 101 անձից պետք է բաղկացած լինի: Բայց սա չի նշանակում, որ դրանից ավելի չի կարող լինել»:
Orer.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ունի հաշվարկ, թե ԱԺ-ն առավելագույնը քանի պատգամավոր կարող է ունենալ:
Իսկ թե առավելությունը ռեյտինգային, թե համամասնական ընտրացուցակով առաջադրվածներինն է, Ն. Նորիկյանն արձագանքեց. «Եթե չեմ սխալվում, առաջին մանդատները տրվելու են տարածքային ընտրական ցուցակով առաջադրված պատգամավորներին, որից հետո նոր համամասնական ցուցակով առաջադրվածներին: Յուրաքանչյուր կուսակցություն ունենալու է մեկ համամասնական ցուցակ և յուրաքանչյուր ընտրատարածքին համահունչ տարածքային ընտրական ցուցակ: Հիմա մի քիչ խրթին չափորոշիչներ են սահմանված ԸՕ-ում, բայց ակնհայտ է, որ մանդատների բաշխումը կատարվելու է ԸՕ սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածով սահմանված կարգով, որը մի քիչ բարդեցված կարգ է և հնարավոր չէ տառացիորեն վերաշարադրել»:
Ինչ վերաբերում է ԸՕ բարդություններին, Ն. Նորիկյանի կարծիքով, ընդհանրապես ԸՕ արմատական փոփոխության կարիք կա, որովհետև այն պետք է համահունչ լինի մեր զարգացման արդի չափորոշիչներին: Նա չբացառեց նաև սահմանադրական փոփոխությունների հնարավորությունը:
«Որովհետև Հայաստանում ստեղծված իրավիճակը բոլորովին այլ հասարակական օրակարգ է թելադրել: Այդ հասարակական օրակարգն իրականացնելու և կյանքի կոչելու համար գործող իրավանորմերն, ըստ իս, այդքան էլ բավարար չեն: Հակառակը՝ արգելակող, զսպող և խանգարող դերակատարություն ունեն: Կյանքն ապացուցեց, որ գործող Սահմանադրությունը չկարողացավ երկիրը հանել սահմանադրական, քաղաքական ճգնաժամից: Ավելին՝ գործող իրավակարգավորումները լուրջ սպառնալիք են ստեղծելու, որ մենք պերմանենտ գտնվենք խորհրդարանական ճգնաժամի մեջ: Հետևաբար, այս թնջուկը լուծելու համար հաղթող քաղաքական ուժը վաղ թե ուշ ձեռնամուխ է լինելու սահմանադրական փոփոխությունների»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Խոսելով գործող ԸՕ-ի և առաջիկա ընտրություններին դրա ազդեցության մասին՝ Ն. Նորիկյանը մի խնդիր առանձնացրեց. «Գործող ԸՕ-ն կբարդացնի ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունների տարածքային ընտրական ցուցակները կազմավորելու հարցը, քանի որ ոչ բոլոր կուսակցությունները կունենան համապատասխան թեկնածուներ տարածքային ընտրական ցուցակներում առաջադրելու և հաջողության հասնելու համար: Իհարկե, սա ոչ բոլոր կուսակցությունների մասին է: Ինձ համար մի բան է ակնհայտ. անկախ նրանից, թե որ ԸՕ-ով կգնանք ընտրությունների, կարևոր է, որ այս ընտրությունները լինեն լեգիտիմ, օրինական, թափանցիկ, արտահայտեն ժողովրդի իրական կամքը, և մենք իսկապես ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորենք այն մարմինը, որը կարտահայտի ժողովրդի իրական կամքը»:
Նա շեշտեց, որ, այդուհանդերձ, այսօր բացառում է ընտրակաշառքների մասսայական գործընթացը, բացառում է նաև վարչական ռեսուրսի և բռնության որևէ գործադրում. «Երևանի ավագանու և վերջին ՏԻՄ ընտրությունների անցկացման մթնոլորտն ու տրամադրությունները հիմք են տալիս արձանագրելու, որ բոլոր դեպքերում առկա է քաղաքական կամք՝ անցկացնելու օրինական, առանց ընտրակաշառքների ու առանց վարչական ռեսուրսի կիրառման ընտրություններ: Տեսականորեն, այո, հնարավոր է և չի բացառվում ընտրական իրավունքի որևէ խախտում, բայց մենք չենք ունենա այն պատկերը, որն ունեցել ենք նախկինում: Եթե գործող ԸՕ-ով պետք է գնանք, ուրեմն՝ մեկ խնդիր պետք է դնենք մեր առջև. անցկացնել 100 տոկոսանոց ազատ, արդար թափանցիկ ընտրություններ, որտեղ կարտահայտվի ընդամենը ժողովրդի իրական կամքը: Եթե մենք գնանք այդ ճանապարհով, ոչինչ, ժամանակի ընթացքում կբարելավվի նաև ԸՕ-ն»: