Երիտասարդ ստեղծագործող Արտյոմ Գրիգորյանը ներկայացրեց «Գնացք դեպի Արևմուտք» վեպը
Culture Արձակագիր Արտյոմ Գրիգորյանի «Գնացք դեպի Արևմուտք» վեպը, որն իր ժանրով միստիկ թրիլլեր է, նորություն է արդի հայ գրականության մեջ: Հեղինակի խոսքով՝ այն փիլիսոփայական սյուժե ունի և կարող է հետաքրքիր ժամանց ապահովել ընթերցողի համար:
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 9-ին Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում, ընթացող գնացքների հարևանությամբ:
«Գրքի հիմքում միստիկայի գաղափարն է: Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու էի ուզում միստիկա գրել: Հիմա այսպես կպատասխանեմ. այս ժանրը համաշխարհային և հայ գրականության մեջ շատ յուրահատուկ է: Կան միստիկ գործեր, որոնք զուգահեռվում են գիտաֆանտաստիկ, ֆանտաստիկ, սարսափ և այլ ժանրերով, ես փորձել եմ պահել միստիկա ասվածը գրքի առաջին տառից մինչև վերջին տառը»,- մեզ հետ զրույցում ասաց գրողը:
Նրա խոսքով՝ ընթերցողը գրքի միջոցով կծանոթանա հետաքրքիր սյուժեի, կհանդիպի հետաքրքիր գաղափարների:
«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ ինչպես Արտյոմի վեպում են գնացքները պարբերաբար ընդհատում վեպի սյուժեն, այնպես էլ շնորհանդեսին մետրոյի գնացքների աղմուկը պարբերաբար կխանգարի ներկաներին: «Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով ենք մենք հավաքվել այստեղ, որպեսզի տեսնենք, որ գրքի աուրան և թեմատիկան համատեղվել են: Արտյոմը շատ տաղանդավոր հեղինակ է ու ձեզ է հրամցնում հետաքրքիր գիրք, որը նորություն է ժամանակակից գրականության մեջ»,-ընդգծեց Նիկողոսյանը:
«Գնացք դեպի Արևմուտք» վեպը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը «XXI. արդի հայ արձակ» մատենաշարով:
Արտյոմ Գրիգորյանը ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 29-ին Երևանում: Սովորել է Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցում: Ավարտել է Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, 2013-ին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ տեղեկատվական անվտանգության մասնագիտացմամբ: Ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Հիմնադրել է «Mad Paradox» խումբը, որի կազմում հանդես է գալիս որպես ստեղնաշարային գործիքներ նվագող և երգերի հեղինակ: Աշխատում է «AlphaSecurities» ներդրումային ՍՊԸ-ում՝ որպես ՏՏ բաժնի ղեկավար և արժեթղթերի փաթեթի կառավարիչ: 2014-ին լույս է տեսել նրա առաջին «Դիսպերսիա» վեպը: