Ջավախքում դեռահաս աղջիկների նկատմամբ ոտնձգությունների համար տղամարդը ձերբակալվել է
International newsԱխալցխա քաղաքի (Սամցխե-Ջավախք) մի քանի անչափահասներ միջին տարիքի տղամարդուն մեղադրում են անառակաբարո գործողություններ կատարելու մեջ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան ` հղում անելով «Սամխրետիս կարիբչե» տարածաշրջանային գործակալությանը:
13-14 տարեկան միանգամից մի քանի դեռահաս աղջիկների ծնողների բողոքների հիման վրա ոստիկանությունը ձերբակալել է 37-ամյա տղամարդուն: Այսօր դատախազությունը նրան պաշտոնական մեղադրանքներ է ներկայացրել: Ըստ հրատարակության տվյալների, մեղադրյալը տեղացի չէ: Տարվա սկզբից նա ապրում է Ախալցխայի հյուրանոցներից մեկում եւ աշխատում է սննդի օբյեկտում:
Ոստիկանություն դիմած բոլոր դեռահասներն ապրում են վերոնշյալ հյուրանոցից քիչ հեռու: «Նա բռնել էր իր սեռական օրգանը եւ փորձում էր մոտենալ», — «Սամխրետիս կարիբչեն» ներկայացնում է աղջիկներից մեկի ցուցմունքը:
Աղջիկների ծնողները հրաժարվել են լրագրողների հետ խոսել կատարվածի մասին:
Նրանք նշել են, որ միջադեպի մասին արդեն տեղեկացրել են ՆԳՆ-ին:
«Երկու օր առաջ զարմուհիս իր ընկերուհու հետ էր եւ այդ տղամարդը վախեցրել է նրանց: Ես չեմ կարող պատմել, թե ինչ է տեղի ունեցել», — լրագրողներին ասել է տուժածներից մեկի մորաքույրը:
Վաղը Ախալցխայի դատարանը որոշում կկայացնի մեղադրյալի խափանման միջոցի վերաբերյալ:
Ձերբակալվածին արդեն պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել «անառակաբարո գործողություններ» հոդվածով: Դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է 8-10 տարվա ազատազրկման դատապարտվել:
Պետք է նշել, որ վերջին շրջանում լրատվամիջոցներում ավելի հաճախ են հայտնվում անչափահասների հանդեպ սեռական ոտնձգությունների դեպքերի վերաբերյալ տեղեկությունները: Այս շաբաթ Բաթումիում ոստիկանությունը ձերբակալել է 55-ամյա մի տղամարդու, որը ավտոբուսում ոտնձգություններ էր կատարում 12-ամյա աշակերտուհու նկատմամբ: