«Ռոսսելխոզնադզորը» կարգելի ամերիկյան թռչնամսի տրանզիտը ՌԴ տարածքով
International news«Ռոսսելխոզնադզորը» նոյեմբերի 20-ից արգելում է ԱՄՆ ձեռնարկություններում արտադրված թռչնամսի տրանզիտը Ռուսաստանի տարածքով Ղազախստան:
Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն, տվյալ որոշումը գերատեսչությունը կայացրել է՝ պայմանավորած անհայտ ծագման արտադրանքի՝ Ղազախստանից ռուսական շուկայում հայտնվելու մտավախությամբ: Գերատեսչությունից ընդգծում են, որ այս տարվա հոկտեմբերին ծառայության տարածքային վարչությունը կասեցրել է ԱՄՆ-ից Ղազախստան տեղափոխվող ամերիկյան թռչնամսի յոթ խմբաքանակի տեղաշարժը՝ մի շարք խախտումներ հայտնաբերելու պատճառով:
Մասնավորապես, արտադրանքի մի մասի անասնաբուժական վկայականները ձևակերպված են եղել ամերիկյան կողմում, մինչդեռ արտադրանքն արդեն Եվրամիության նավահանգստում է եղել: Բացի այդ, թռչնամսի մի մասը ԵԱՏՄ տարածք է հասել արդեն իսկ պահպանման ժամկետն անցած վիճակում:
Այդ պատճառով «Ռոսսելխոզնադզորը» որոշում է կայացրել ԵՄ տարածք վերադարձնել 185 տոննա կշռող խմբաքանակը, որտեղից այն ժամանել էր: