ՍԱՏՄ–ն օգնում է տնտեսվարողին, որպեսզի նա չթունավորի սպառողին
InterviewՆախորդ շաբաթ հանրապետությունում հայտարարված էր հակաբիոտիկների անհիմն օգտագործման դեմ պայքարի շաբաթ: Այդ շրջանակներում ՀՀ ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել մարզերի ֆերմերների, անասնապահների և այլ մասնագետների հետ: Բացի այդ, կարճ հաղորդագրություններ տարածելու միջոցով կառույցը դիմում է ֆերմերներին և զգուշացնում, որ մթերման ենթակա կենդանիներին բուժելու ընթացքում առանց հիմնավորման հակաբիոտիկներ չօգտագործեն, քանի որ հակաբիոտիկների մնացորդները հետագայում կաթի և մսի միջոցով անցնում են իրենց իսկ երեխաներին կամ ընտանիքի անդամներին:
«Կաթի կամ մսի միջոցով մարդկանց օրգանիզմ ներթափանցած հակաբիոտիկների մնացորդները կուտակվում են և առաջացնում են կայունություն այն հակաբիոտիկների նկատմամբ, որոնք պետք է ազդեցություն ունենան օրգանիզմում հայտնաբերված այս կամ այն մանրէները ոչնչացնելու վրա»,– Orer.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
Սովորական սպառողի համար շատ դժվար է տարբերել, թե կիթից կամ կենդանուն սպանդի ենթարկելուց առաջ ֆերմերը հակաբիոտիկ արդյո՞ք չի օգտագործել: Ինչ վերաբերում է վերամշակող ընկերություններին, ապա նրանք նույնպես պետք է խուսափեն հիվանդ կամ դեռևս կարանտինի մեջ գտնվող կենդանու կաթը գնել:
«Յուրաքանչյուր դեղամիջոց օրգանիզմից ամբողջովին դուրս գալու հստակ ժամկետ ունի: Այն դուրս է գալիս արտազատուկների, ինչպես նաև կաթի միջոցով: Այսինքն, քանի դեռ չի լրացել դեղորայքը օրգանիզմից դուրս գալու ժամկետը, այդ կենդանու ո՛չ միսը և ո՛չ էլ կաթը սննդի մեջ օգտագործման ենթակա չէ: Կարելի է այդ կաթից ընդհանրապես հրաժարվել, բայց կորուստները նվազեցնելու համար մենք առաջարկում ենք այդ կենդանու կաթով կերակրել հորթերին, քանի որ հորթերի մսեղիքը սովորաբար չի մթերվում, իսկ հակաբիոտիկների մնացորդներ պարունակող կաթը հորթերի օրգանիզմից որոշ ժամանակ անց դուրս է գալիս»,– ասաց Գ. Ավետիսյանը:
Հակաբիոտիկների մնացորդներ պարունակող կաթից սննդամթերք՝ պանիր կամ այլ կաթնամթերք արտադրել նույնպես չի կարելի: Ի դեպ, մարզերում իրականացված հանդիպումների արդյունքները ցույց են տվել, որ նման միջոցառումը բավականին սպասված է եղել թե՛ անասնապահների, թե՛ ֆերմերների համար: Ինչ վերաբերում է իրազեկումից հետո կենդանիների բուժումը և խնամքը պատշաճ կազմակերպելուն և կենդանիների՝ հակաբիոտիկներով բուժումը վերահսկելուն, ապա դա նույնպես կկանոնակարգվի:
«Վերահսկողության լավագույն տարբերակը հակաբիոտիկները դեղատոմսով տրամադրելն է: Դրանից բացի որոշել ենք եկող տարվա ընթացքում հանրապետությունում կաթի և մսի մեջ առկա բոլոր մնացորդային նյութերի առկայությունը ստուգելու լայնածավալ մոնիտորինգային ծրագիր իրականացնել»,– ասաց Գ. Ավետիսյանը:
Խոսելով շուկայում վաճառվող միսը լաբորատոր փորձաքննության ենթարկելու և տավարի մսի փոխարեն այլ կենդանու միս վաճառելու դեպքերի մասին, ՍԱՏՄ ղեկավարն ասաց, որ ձիու մսի վաճառքը կանխելուց հետո նմանատիպ այլ դեպք դեռևս չի արձանագրվել: Ինչ վերաբերում է նախատոնական ժամանակահատվածում մսի պահանջարկի և վաճառքի ավելացմանը, Ավետիսյանը նշեց, որ արդեն իսկ հրահանգվել է տեսուչներին շրջայցեր իրականացնել և տնտեսվարողներին զգուշացնել, որպեսզի պոտենցիալ վտանգ պարունակող սննդամթերքը շուկայից հանեն:
«Այս ոլորտում իրականացվող իմ քաղաքականությունը հետևյալն է՝ օգնել տնտեսվարողին, որպեսզի չթունավորի սպառողին: Եվ այդ գաղափարի շուրջ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի տնտեսվարողներին օգնենք վտանգավոր սննդամթերքը շուկա չբերելու համար: Ու թեև այն շատ բարդ է իրականացնելը, քանի որ ոչ բոլոր տնտեսվարողներն են պատրաստ նման քայլեր իրականացնել, սակայն քիչ չեն նաև այնպիսիք, որոնք արդարացիորեն հայտնում են իրենց դժգոհությունը, թե ուր էր ծառայությունն անցած 10–15 տարիների ընթացքում, և ինչու երբեք չի օգնել տնտեսվարողին, որպեսզի տնտեսվարողն էլ իր հերթին իմանա, թե ինչ է պարտավոր անել»,– ասաց Գ. Ավետիսյանը:
Շարունակելով տոների թեման՝ ՍԱՏՄ ղեկավարը հավելեց նաև, որ Ամանորից առաջ ավելի խիստ աշխատանքային գրաֆիկով են աշխատելու և տնտեսվարողներին իրազեկելու են, թե ինչ պահանջների պետք է բավարարեն, որպեսզի վաճառվող սննդամթերքն անվտանգ լինի: Նույն մոտեցումը կցուցաբերվի նաև հաջորդ տարվա ստուգման ենթակա կազմակերպությունների ցանկը հաստատելուց հետո: Ստուգումն իրականացնելուց մի քանի ամիս առաջ տնտեսվարողները կզգուշացվեն, թե ինչ չափանիշների պետք է բավարարեն: Բացատրական և իրազեկման աշխատանքների ժամանակ տրված ցուցումներն անտեսելու և թերությունները չվերացնելու դեպքում միայն ՍԱՏՄ–ն կոշտ միջոցներ կկիրառի:
«Սկզբում կզգուշացնենք թերությունների մասին, ապա ամեն ինչ կանենք, որպեսզի թերությունները վերանան: Սակայն այդքանից հետո, եթե դրանք չվերանան, այդ դեպքում հանգիստ խղճով կտուգանենք իրենց և տեղեկություն կտարածենք, թե որ կազմակերպությունները չեն համապատասխանում սննդամթերքի անվտանգության պահանջվող նորմերին»,– ասաց Գ. Ավետիսյանը:
Նա նաև կոչ արեց սպառողներին՝ հատկապես կենդանական ծագման սննդամթերք գնել միայն սանիտարական նորմալ պայմաններ ունեցող խանութներից, քանի որ այն հանդիսանում է բարձր ռիսկային սննդամթերք: Փողոցից ձուկ չգնել, հատկապես երեկոյան ժամերին, քանի որ ձկան պահպանման ժամկետը շատ կարճ է:
«Ամանորին ընդառաջ չի բացառվում, որ շատ գյուղացիներ իրենց սատկած, կիսասատկած, հոգեվարքի մեջ գտնվող կենդանիներին մորթեն և փորձեն բակերում վաճառել: Եվ քանի որ մեր աշխատակիցների քանակը թույլ չի տալիս ամեն օր և ամեն ժամ լինել բոլոր վայրերում, ուստի մեր ստուգայցներին զուգահեռ կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ լինել զգոն և առևտուր անել միայն սանիտարական նորմերին համապատասխանող վայրերից»,– ասաց Գ. Ավետիսյանը: