Կախարդական փայտիկը կոտրվել է
AnalysisՆախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենց իշխանությունը կատարել է ժողովրդի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները: Թե որ պարտավորությունների մասին է խոսքն, իհարկե, անհասկանալի է ու թերևս ունի պարզաբանումների կարիք: Եթե խոսքը հեղափոխության սկզբնական փուլում հնչած այն խոստումների մասին է, որ իքս քանակի մարդկանց առկայության դեպքում Փաշինյանը իշխանափոխություն կանի, ապա իսկապես կատարվել են բոլոր պարտականությունները:
Կատարե՞լ է այս իշխանությունը ստանձնած պարտավորությունների, թե՞ ոչ, կարելի կլինի հասկանալ միայն այն բանից հետո, երբ պարզենք, թե ինչ պարտավորությունների մասին է խոսքը: Ու քանի որ հրապարակավ առկա է միայն պարտավորությունների ստանձնման մեկ միասնական, համակարգված փաստաթուղթ, ապա ստիպված ենք այս հարցում առաջնորդվել հենց այդ փաստաթղթի բովանդակությամբ: Խոսքը հեղափոխության օրակարգային հինգ կետերի մասին էր, որը ներառում էր դատական ռեֆորմի իրականացում, կապիտալի ու բիզնեսի տարանջատում, կուսակցությունների մասին նոր օրենք, Ընտրական օրենսգրքի փոփոխություն, ուղիղ ժողովրդավարության էլեմենտների ներմուծում:Առայժմ այս կետերից որևէ մեկն իրականացված չէ: Միայն Ընտրական օրենսգրքի փոփոխությունն էր, որ հայտնվեց իշխանության ուշադրության կենտրոնում, սակայն չեղավ բավարար ջանքի գործադրում այդ փոփոխությունն իրականացնելու համար: Եթե փորձում ենք հասկանալ՝ կատարվել են արդյոք հեղափոխության կողմից ստանձնված պարտավորությունները, ապա այլ փաստաթուղթ, արձանագրված այլ բովանդակություն, քան հինգ կետերից բաղկացած այս օրակարգն է, չունենք:
Պարզ է, սակայն, որ Փաշինյանը խոսում է այլ օրակարգի մասին, առավելապես նկատի ունենալով արտահերթ ընտրությունները, մոնոպոլիաների ու կոռուպցիայի վերացումը և այլն: Այսինքն, ակնհայտ է, որ հեղափոխության օրերին ֆորմալիզացված միակ օրակարգ–փաստաթուղթն ու Փաշինյանի պատկերացրած օրակարգը բավականին տարբեր են: Այստեղ արդեն հարց է առաջանում, թե որն է Փաշինյանի օրակարգը, թեկուզև չգրված, ինչպիսի բովանդակություն ունի այն:
Եթե որևէ կոնկրետ բովանդակություն չկա, և այս խոսքերն ասվում են առավելապես հեղափոխական էյֆորիկ տրամադրությունների կոնտեքստում, ապա նույն այդ կոնտեքստում պարզ է, որ հեղափոխությունը չի կարող սահմանափակվել միայն խոստացված կոնկրետ պարտավորություններով, որոնք կատարելուց հետո այն, ենթադրվում է, որ պետք է ավարտվի: Հեղափոխությունը արտասովոր ռիթմ է ենթադրում, կտրուկ ու բեկումնային փոփոխություններ, այն, ի վերջո, տարեվերջյան քննություն չէ, որ կարելի է կոնկրետ ժամանակ հանձնել ու հանգստացած շունչ քաշել: Մեծ հաշվով հեղափոխությունն անդադար շարժման մեջ գտնվող պրոցես է: Հետևաբար անհասկանալի է ոչ միայն, թե ինչ պարտավորությունների մասին է խոսում Փաշինյանը, այլև այն, թե ինչպես կարող է հեղափոխությունը սահմանափակվել լոկ ասված կոնկրետ կետերի իրականացմամբ կամ չիրականացմամբ:
Վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը հայտարարել էր, որ կախարդական փայտիկ նա ունի: Փոխաբերական իմաստով սա, իհարկե, նշանակում էր, որ նա գիտի արագ ու կտրուկ փոփոխությունների լուծման տարբերակներ, մի բան, որ չգիտեին նախկին իշխանությունները: Այժմ, սակայն, խոսելով հեղափոխության պարտավորությունները կատարել վերջացնելու մասին, խոսելով այն մասին, որ իշխանության խնդիրը միայն բյուջեն չթալանելն է, իսկ մնացյալը քաղաքացիների անելիքն է, դասեր տալով հասարակությանը, հորդորելով աշխատել ու չբողոքել՝ Փաշինյանն ակամայից կա՛մ փորձում է իջեցնել սպասելիքների բարձր նշաձողը, որը հենց ինքն է սահմանել, կա՛մ փորձում է պատասխանատվությունը գցել հասարակության վրա՝ զգուշանալով հետագա անհաջողություններից, կամ էլ ակամայից հայտարարում է, որ հեղափոխությունն ավարտվել է, ու այժմ մենք անցում ենք կատարում սովորական քաղաքական ռիթմի: Կարող ենք ենթադրել, որ Փաշինյանի կախարդական փայտիկը կոտրվել է կամ գոնե առայժմ ճաքեր է տվել:
Հեղինակ՝ Լևոն Մարգարյան