Լիլիթ Մակունցը խոստացել է լուծել Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի և ստեղծագործական կազմի միջև ծագած խնդիրը
CultureԱվելի քան մեկ շաբաթ Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում լարված իրավիճակ է: Դերասանների մի մասը չի ներկայանում փորձերի, ընդվզում է և պահանջում թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանի հրաժարականը:
Նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ասաց, որ օրեր առաջ հանդիպել է թատրոնի ստեղծագործական կազմի հետ և մանրամասն քննարկել են մտահոգող խնդիրները:
«Այստեղ խնդիրն ունի երկու կողմ. ոչ միայն ստեղծագործական կազմն է, այլև պարոն Չալդրանյանը։ Հանդիպման ընթացքում ստեղծագործական կազմին տեղեկացրեցի, որ կխոսեմ նաև Վիգեն Չալդրանյանի հետ, այնուհետև տեղի կունենա ընդհանուր հանդիպում»,-նշեց Մակունցը և հավելեց, որ խնդրի լուծումն ընթացքում է և այն անպայման կլուծվի։
Վիգեն Չալդրանյանը Համազգային թատրոնի տնօրեն է նշանակվել նախորդ տարվա դեկտեմբերին: