Թբիլիսիում ցույց է անցկացվել՝ ընդդեմ Սաակաշվիլիի կուսակցության
International newsՎրաստանի «Հայրենասերների դաշինք» կուսակցության անդամները և նրանց հարյուրավոր կողմնակիցները Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույց են անցկացրել՝ կոչ անելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ցուցարարները պահանջում են թույլ չտալ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության վերադարձն իշխանության գլուխ:
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 28-ին: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է իշխող կուսակցությունը, և ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն: Վաշաձեն ներկայացնում է «Ուժը միասնության մեջ է» միությունը, որն ընդգրկված է Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության կազմում:
«Մենք բոլորս հանդես ենք գալիս՝ ի պաշտպանություն Վրաստանի: Երբ մենք ասում ենք ոչ «Ազգային շարմանը», մենք ոչ ենք ասում կալանավորների նկատմամբ բռնությանը, ոչ ենք ասում փողոցներում երիտասարդների սպանություններին, ոչ ենք ասում գույքի անօրինական բռնագրավմանը, ոչ ենք ասում վրացական հողերի վաճառքին:
Մենք պետք է միավորվենք, մասնակցենք ընտրություններին և աջակցենք Սալոմե Զուրաբիշվիլիին», - հայտարարել է կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլին: