Էրդողանը Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձությունները ահաբեկչություն է որակել
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է «դեղին անթև բաճկոնների» բողոքի զանգվածային ակցիաներն ու դրանց մասնակիցների բախումները ոստիկանության հետ:
Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, Էրդողանը քննադատել է համաշխարհային մամուլը՝ Փարիզում տեղի ունեցածն ամբողջությամբ ու օբյեկտիվ չներկայացնելու համար և հիշել, որ երբ 2013 թվականին Գեզիի զբոսայգու համար սկսված ցույցերի ժամանակ արևմտյան մամուլի խիստ քննադատությունները թուրքական իշխանությունների նկատմամբ:
«Գեզիի դեպքերի ժամանակ միջազգային մեդիան անընդհատ Թաքսիմն էր ցույց տալիս, չէ՞: Այժմ Փարիզում ահաբեկչական գործողություններ են տեղի ունենում, միջազգային մամուլի ձայնը դուրս չի գալիս, աշխարհը լուռ է, ոչ ոք չի տեսնում Փարիզը:Ինչո՞ւ: Որովհետև չեն ուզում նրանց անունը սևացնել: Սակայն ուզեք դուք դա, թե ոչ՝ աշխարհը հետևում է այդ նորություններին», - ասել է Թուրքիայի նախագահը:
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել էր Ֆրանսիայում իրավապահների կողմից ցուցարարների հանդեպ բռնության կիրառման դեպքերը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում վառելիքի գնի աճի և հարկերի բարձրացման դեմ բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 17-ից: Բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 287.000 մարդ: Ֆրանսիացիները դեմ են իշխանությունների՝ 2019-ին դիզելային վառելիքի և բենզինի գները բարձրացնելու որոշմանը: Փարիզն այս քայլը մեկնաբանել է որպես պայքար օդի աղտոտվածության դեմ և հայտարարել է, որ մտադիր չէ փոխել որոշումը: