Փաշինյանի հավաստմամբ՝ որևէ համայնք չի խոշորացվի առանց բնակիչների ցանկության
Economics Հայաստանի Հանրապետությունում որևէ համայնք չի խոշորացվի, մինչև չլինի համայնքի բնակիչների ցանկությունը։ Այս մասին Դիլիջան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։
«Որևէ տեղ առանց բնակիչների համաձայնության խոշորացում տեղի չի ունենա։ Բայց խոշորացված համայնքներն էլ չեն ապախոշորացվի։ Պետք է մի քանի տարի սպասել ու տեսնել՝ արդյունավետ է այդ ճանապարհը, թե՝ ոչ։ Եթե խոշորացված համայնքները ցույց տալու բան կունենան չխոշորացված համայքներին, ենթադրվում է, որ չխոշորացված համայնքները նույնպես կուզենան անցնել այդ ճանապարհով»,- ասաց Փաշինյանը։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ։