ԱՄՆ-ում 78-ամյա դատապարտյալը 90 սպանության կատարում է խոստովանել
International newsԱՄՆ-ում 78-ամյա դատապարտյալ Սեմյուել Լիթլը 90 սպանության կատարում է խոստովանել: Այս մասին հայտնում է National Public Radio-ն՝ վկայակոչելով ՀԴԲ տվյալները:
Լիթլը 2014 թվականին ցմահ ազատազրկման էր դատապարտվել երեք կանանց սպանության համար, սակայն դատարանում նա իրեն մեղավոր չէր ճանաչել: 2018 թվականի գարնանը նա հայտարարել էր, որ 1970-2005 թվականներին ընդհանուր առմամբ իրագործել է 90 սպանություն:
«Ներկայումս քննիչները հաստատել են 34 սպանության կատարումը, շատ դեպքեր դեռեւս հաստատման կարիք ունեն»,- նշված է ՀԴԲ հայտարարության մեջ:
Նշվում է, որ Լիթլը սպանել է հաճախ մարմնավաճառությամբ զբաղվող եւ թմրակախվածությամբ տառապող կանանց: Դրանից բացի, ՀԴԲ տեղեկություններով՝ նրա զոհերը պատկանել են բնակչության սոցիալապես անպաշտպան խմբերին, այս պատճառով նրանց մահվան մասին ոչ ոք ոստիկանությանը չի հայտնել, եւ այս դեպքերը պատշաճ կերպով չեն քննվել: