Դավիթ Սահակյանց. «Այսօր տիրող գորշ վիճակն ուղղակի սարսափելի է ինձ համար»
InterviewՄինչև Հայաստանում կատարվող գործընթացների, վերջին 7 ամիսների վերաբերյալ գնահատական տալը, ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը ավելի վաղ ժամանակահատված է գնում:
«Իմ սպասելիքները չեն արդարացել շատ վաղուց՝ դեռ նախկին իշխանությունների օրոք: Իրավիճակն ավելի դժվարացավ ու վատացավ ներկայիս իշխանության օրոք: Այսինքն՝ խնդիրները գնալով միայն խորանում են: Խնդիրներն ավելի են մեծանում, իսկ լուծումները… Եթե անգամ ցանկություն կա լուծումներ գտնելու, ապա ոչ ոք այսօր ի վիճակի չէ այդ լուծումները գտնել, և այդ բարեփոխումներն իրականացնել: Այնպես որ, առանձնապես ակնկալիքներ չկան և այսօր մտահոգ սպասում եմ, թե ինչ է լինելու ընտրությունների ընթացքում, ինչ արդյունքներ կգրանցվեն և ովքեր կհայտնվեն խորհրդարանում»,-Orer.am-ի հետ զրույցում ասաց Դ. Սահակյանցը:
Թեև ռեժիսորը սպասում է ընտրությունների արդյունքներին, բայց այդքան էլ համամիտ չէ այն կարծիքների հետ, թե 7 ամիսը բավարար չէր որոշակի փոփոխություններ արձանագրելու համար:
«Առհասարակ աշխատող մարդը, որը ստեղծելու, կերտելու ունակություն ունի, այդ պահին ունեցած ինչ-որ հնարավորություններով անպայման դա անում է: Ու այն մարդիկ, որոնք ստեղծելու, կերտելու ունակություն չունեն, բնականաբար, երբեք դա չեն անի: Այն, ինչ արվում է այսօր, ուղղակի հիասթափեցնող է: Ես դեռ չեմ տեսնում դեպի առաջ ուղղված դրական քայլեր, որոնցով պետք է լուծվեն խնդիրները»,-նշեց նա:
Մտահոգությունների շարունակականությունը բացառելու ճանապարհն, ըստ ռեժիսորի, շատ ավելի խորն է:
«Խնդիրը խորն է, որովհետև այստեղ բացարձակ կապ չունեն այն ուժերը, որոնք կային, որոնք կլինեն, և որոնք այսօր կան, քանի որ նրանք բխում են կոնկրետ մեր մենթալիտետից, մեր թույլտվությամբ և մեր ընկալմամբ են հայտնվում իշխանության: Ժամանակին շատ բաների վրա աչք փակելով՝ մենք ունեցանք այն, ինչ ունեցանք: Մենք ասելով՝ նկատի ունեմ հասարակությունը, մարդիկ: Մենք թույլ ենք տալիս մեզ այնքան թուլանալ, որ որոշենք ու ասենք՝ մեկ ուրիշը պետք է մեր կյանքը լավացնի: Կտրականապես համաձայն չեմ նշվածի հետ: Երբեք պետք չէ հույս դնել որևէ մեկի վրա, որը կգա ու կյանքը կբարեկարգի: Դա ունենալու համար յուրաքանչյուրս պետք է աշխատենք: Ամեն մեկն իր տեղում պետք է աշխատի, որպեսզի ստեղծվի այն միջավայրը, որից հետո կծնվի այն լիդերը, որը կհամապատասխանի մեր ընդհանուր ընկալումներին: Եթե մենք ապրենք այնպես, ինչպես դարեր ի վեր ենք ապրել, միշտ կունենանք նույն խնդիրները և դրանք երբեք չեն լուծվի»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ համաձայնելով մինչ այս հնչած այն դիտարկման հետ, ըստ որի՝ խնդիրը ոչ թե զուտ հեղափոխության կամ իշխանափոխության մեջ է, այլ մարդկանց գիտակցության:
«Որովհետև արժեհամակարգ է փոխված, փոխված են նաև սիմվոլները, գաղափարները: Գլոբալիզացիան նոր սերնդի միջոցով մեզ նոր մարտահրավերներ բերեց, և հասարակությունը շատ-շատ բաների պատրաստ է: Եվ արժեզրկվել է այն ամենը, ինչն ունեցել ենք, իսկ ունեցածը չգնահատելն էլ բերում է այն խնդիրներին, որոնք այսօր ունենք»,- ասաց ռեժիսորը:
Դ. Սահակյանցը իր մտահոգությունը հայտնեց նաև մայիսյան իրադարձություններից հետո առկա մթնոլորտի մասին. «Այն, ինչ կատարվում է համացանցում, անընդունելի է: Կա մի զանգված, որն իրեն թույլ է տալիս ամենավերջին բառերով խոսել այս կամ այն մարդու մասին: Սա ինձ համար անընդունելի է: Ընդհանուր առմամբ այսօր տիրող գորշ վիճակն ուղղակի սարսափելի է ինձ համար»:
Մեր զրուցակիցը ընդգծեց՝ բոլորիս մեջ էլ նստած է և՛ ագրեսիան, և՛ պոզիտիվը:
«Երբ յուրաքանչյուրն իր կողքը հավաքում է 400 մարդ, պետք է պատասխանատվություն կրի այն էմոցիաների համար, որն արթնացնում է այդ մարդկանց մեջ: Եթե դա միայն ագրեսիան է, ատելությունը և հայհոյանք տարածելը, ապա կրկին ոչ մի լավ բան չենք կարող ունենալ: Իհարկե, կրկին գալիս ենք խորքային խնդիրներին, բայց այն, ինչ ունենք այսօր, ուղիղ մեզանից դուրս եկած է: Մենք պատասխանատու ենք այն ամենի համար, ինչն այսօր կատարվում է»,-շեշտեց նա:
Նա ընդգծեց, որ իր մտահոգությունների շարքում նաև Արցախն է. «Ես շատ եմ մտածում Արցախի հարցի վերաբերյալ: Այդ նվաճումը, որը մենք ունեցել ենք մեր պատմության մեջ, եզակի է և ամենափայլուն հաղթանակներից մեկն է: Եթե մենք կորցնենք այդ հաղթանակի գաղափարը, մեր վերջի սկիզբը կսկսվի. խոսքը և՛ պետականության, և՛ մենթալիտետի, և՛ գաղափարախոսության մասին է: Դրա համար ես շատ անհանգիստ եմ»: