Մեր ժողովուրդն աշխատող է, պարզապես մարդկանց պետք է աշխատելու հնարավորություն տրվի. Գագիկ Ծառուկյան
SocietyԱյսօր՝ դեկտեմբերի 1-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արագածոտնի մարզկենտրոնում` Աշտարակում, ունեցած բազմամարդ հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոսեց երկրի տնտեսական զարգացմանն ուղղված եւ ուղղվելիք բերափոխումների մասին.
«Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ: Բարձր տոկոսներով վարկեր, ուսման վարձավճարներ, տնտեսական ճգնաժամ. սրանք այն խնդիրներն են, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում: Տարիներ շարունակ դրանց մասին խոսվել է, բայց տեսանելի արդյունքներ չեն արձանագրվել: Քաղաքական հեղափոխություն եղել է, մնում է` տնտեսական հեղափոխություն լինի եւ մենք մեր ջանքերը պետք է ներդնենք մարդկանց կյանքն էլ ավելի թեթեւացնելու համար»:
ԲՀԿ առաջնորդն ընդգծեց` մեր երկրում բանկային համակարգը լոմբարդային համակարգի է նման. քաղաքացիների մեծ մասը վարկեր ունի: «Այսօր մեր երկիր Անգլիայից լորդեր, լորդուհիներ են եկել: Մարդիկ ուզում են ներդրումներ անել, բայց ծրագրեր չկան: Ներդրումների համար պետք է պայմաններ ստեղծվեն, որ մարդիկ շահագրգռված լինեն եւ քայլեր ձեռնարկեն»,- ասաց Գագիկ Ծառուկյանը` վստահեցնելով, որ անլուծելի հարցեր չկան: «Մինչ օրս ինչ որ արել եմ, արել եմ իմ ժողովրդի ու երկրի համար: Ես դա ձայների ու պաշտոնի համար չեմ արել: Ես ուզում եմ, որ իմ հայրենակիցները լավ ապրեն: Մեր ժողովոիրդն աշխատող է, պետք է մարդկանց աշխատելու հնարավորություն տրվի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:







