Բարսեղ Թումանյանը երգեց իր 60-ամյա հոբելյանին նվիրված համերգին
CultureՀամաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի հոբելյանին նվիրված երեկոյին Թումանյանը ելույթ ունեցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Նա հնչեցրեց Չարլի Չապլինի, Էնդրյու Լլոյդ Վեբերի, Ջորջ Գերշվինի և այլ ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգը ղեկավարեցին ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Մելիք Մավիսակալյանը:
Դեկտեմբերի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացված համերգային ծրագրի մեկնարկին ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը ընթերցեց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի ուղերձը, որում ասվում էր. «Սիրելի պարոն Թումանյան, սրտանց շնորհավորում ենք Ձեզ 60-ամյա հոբելյանի առթիվ: Դուք համաշխարհային օպերային արվեստի անզուգական աստղերից եք, երգիչ, ում ձայնի մոգական ձգողականությունն ու փայլուն վարպետությունը տարիներ շարունակ հպարտության բերկրալի զգացողություններ են հաղորդել բոլորիս»:
Ղարիբյանն ասաց, որ նախարարության կողմից պարգև չեն կարող հանձնել Թումանյանին, քանի որ նա արդեն ունի բոլոր հնարավոր պարգևները:
Երիտասարդ օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը նշեց՝ շատ ուրախ է, որ Հայաստանում է և հնարավորություն ունի ներկա գտնվել իր ավագ ընկերոջ հոբելյանական համերգին: «Բարսեղ Թումանյանը հրաշալի արտիստ է, ինչը շատ կարևոր է: Երգիչը պետք լինի արտիստ, սիրի բեմը, սիրի իր ունկնդրին ու իր հոգին կարողանա բացել և բոլորին մատուցել այն արվեստը, որի կրողն է ինքը: Բարսեղ Թումանյանը հենց այդպիսին է: Նա յուրովի մոտեցում ունի յուրաքանչյուր ստեղծագործության հանդեպ և հետաքրքիր է մեկնաբանում դրանք: Նա նաև այդպես է տարբերվում շատ շատերից»,-ընդգծեց Ավետիսյանը:
«Այս տարի մի քանի երկրում հոբելյանական երեկոներ ունեցել եմ: Բայց արվեստի մարդու համար դա բոլորովին կարևոր չէ. ամեն համերգ, անկախ նրանից 60, 15, թե 70-ամյակի է նվիրված, ի վերջո համերգ է: Ամեն դեպքում սա կարևոր ելույթ է, ուստի, որոշեցի այնպիսի ծրագիր ներկայացնել, որը շատ դասական չլինի: Ցանկանում եմ` երաժշտասերները հանգստանան, բավականություն ստանան: Չեմ ուզում, որ տառապեն: Սակայն որտեղ կա սեր, այնտեղ կա նաև տառապանք»,- շեշտեց Թումանյանը:
Բարսեղ Թումանյանի արվեստի երկրպագուները մեծ խանդավառությամբ էին հետևում երգչի բոլոր կատարումներին՝ բուռն ծափողջյուններով արձագանքելով դրանց:
Բարսեղ Թումանյանը ծնվել է 1958-ին` Երևանում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան` ուսանելով հայ անվանի օպերային երգիչ Արշավիր Կարապետյանի դասարանում: Կատարելագործվել է «Լա Սկալա» օպերային թատրոնում և Մոսկվայի կոնսերվատորիայում: Իր գործունեությունը սկսել է Երևանի օպերային թատրոնում, այնուհետև՝ Ռուսաստանի զինված ուժերի Ալեքսանդրովի անվան անսամբլում՝ որպես մենակատար: Մասնակցել է անսամբլի հյուրախաղերին Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայում: 2014 թվականից Բարսեղ Թումանյանը Աստանայի օպերային թատրոնի առաջատար մեներգիչն է:
Նա 2006 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման, իսկ 2013-ին` ՀՀ Ազգային ժողովի պատվավոր մեդալի: Թումանյանը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է:
Հայտնի է նաև իբրև դասատու: Նա վարպետության դասեր է անցկացնում աշխարհի տարբեր համալսարաններում և կոնսերվատորիաներում: Ներկայումս Ղազախստանի արվեստների ազգային համալսարանի պրոֆեսոր է: