ԵԱՏՄ առաջնորդները դեկտեմբերի 6-ին կքննարկեն թվային տնտեսության զարգացման հարցը
EconomicsԵԱՏՄ առաջնորդները դեկտեմբերի 6-ին կայանալիք նեղ կազմով խորհրդի նիստում կքննարկեն թվային տնտեսության զարգացման, ինտերնետ-շուկայի կարգավորման հարցերը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Օրակարգում մի քանի հարց է, այդ թվում՝ թվային տնտեսությունը: Նախագահները կլսեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի զեկույցը միության թվային օրակարգի՝ մինչև 2025 թվականն իրագործման մասին», -ասել է Ուշակովը:
Նա ընդգծել է, որ առաջնորդները կքննարկեն ինտերնետ-շուկայի կարգավորումների ոլորտում արդեն իսկ համաձայնեցված քաղաքականության, ինչպես նաև ցանցային տեխնոլոգիաների զարգացման մի քանի դրույթներ:
Ուշակովը մասնավորեցրել է, որ այս տարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովում հատուկ ստորաբաժանում է ստեղծվել, որը զբաղվում է թվային բնագավառում համատեղ հեռանկարային նախագծերի ընտրությամբ և առաջխաղացմամբ: