22/26 ընտրական տեղամասում «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը բացակայել է. հանձնաժողովի նախագահ
SocietyԺամը 08։00–ի դրությամբ ընտրական տեղամասը գործել է, հիմա ընթանում է նորմալ հունով։ 22/26 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Մարտիկ Վիրաբյանն՝ անդրադառնալով այն տեղեկությանը, թե ընտրատեղամասում քվեարկությունը դադարեցված է։
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ առավոտյան միջադեպ է գրանցվել, 4–րդ համարի քվեաթերթիկը չի եղել. «4–րդ համարի քվեաթերթիկը բացակայում էր, սակայն էդ հարցը կարգավորված է, մեր ընտրությունը նորմալ հունով գնացել է։ Տարածքային ընտրական հանձնաժողովն այդ հարցը կարգավորել է»։
Նշենք, որ 4–րդ համարը «Իմ քայլը» դաշինքն է։
Այս առնչությամբ, ԿԸՀ-ից պարզաբանել են տեխնիկական խնդիր է եղել, տարածքային հանձնաժողովն օպերատիվ լուծում է տվել խնդրին, քվեարկությունը վերականգնվել է, որևէ ընտրող չի զրկվել քվեարկության իրավունքից։
Հիշեցնենք, որ այսօր ընթանում են Հայաստանի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Խորհրդարանի մանդատների համար պայքարում են 11 քաղաքական ուժեր՝ 2 դաշինք եւ 9 կուսակցություն: Դրանք են՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, մինչեւ այս տարվա մայիս իշխած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր», ՀՅԴ, «Օրինաց երկիր», «Քաղաքացու որոշում», «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները եւ «Մենք» դաշինքը: Խորհրդարան մտնելու համար քաղաքական կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսի: Եթե անհրաժեշտ շեմը հաղթահարեն միայն երկու կուսակցություն, ապա երրորդ տեղը գրաված մրցակիցը, անկախ արդյունքներից, նույնպես մանդատներ կստանա, քանի որ Սահմանադրությունը ներկայացուցչական մարմնում երաշխավորում է նվազագույնը երեք կուսակցությունների կամ դաշինքների առկայությունը: