Թուրքիայում ավարտվել է սիրիացի ներգաղթյալների պաշտոնական մարդահամարը. ըստ վերջին տվյալների՝ նրանց թիվը գերազանցում է 3.6 մլն-ը
International newsԹուրքիայում ավարտվել է սիրիացի ներգաղթյալների պաշտոնական մարդահամարը. ըստ վերջին տվյալների՝ երկրում բնակվում է 3 մլն 611 834 սիրիացի ներգաղթյալ, այս մասին տեղեկացնում է diken.com.tr կայքը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:
Հայտնի է, որ այս թվից 612 846-ը մանկահասակ երեխաներ են: Նշվում է, որ սրանք նախարարության կողմից անցկացված հարցման արդյունքում ձեռք բերված միայն պաշտոնական տվյալներն են: Վերոնշյալ բոլոր ներգաղթյալներն ունեն ժամանակավոր կացության իրավունք:
2017 թվականին Թուրքիայում սիրիացի ներգաղթյալների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, կազմել էր 3.426.786 ներգաղթյալ։
Ներգաղթյալների թվով առաջատարը Ստամբուլն է, որտեղ սիրիացիների թիվն անցել է կես միլիոնը: Ստամբուլին են հետևում Սիրիային սահմանամերձ Ուրֆան, Հաթայն ու Այնթապը, իսկ տոկոսային առումով սիրիացիներն այսօր կազմում են սահմանամերձ Քիլիսի բնակչության 95 տոկոսը:
Թուրքիայում ապաստանած սիրիացի ներգաղթյալների երեխաների քանակը, որոնք արդեն ծնվել են Թուրքիայի տարածքում, անցել է 350 000-ը, ամեն օր Թուրքիայում շուրջ 395 սիրիացի երեխա է ծնվում: Սպասվում է, որ 2019-ին Թուրքիայում լույս աշխարհ կգա շուրջ 140 000 սիրիացի երեխա: