Հայաստանի մարզիկները նախկինի նման Ռուսաստանում կունենան լեգեոնականի կարգավիճակ. ՌԴ սպորտի նախարար
SportՌուսաստանի սպորտի նախարար Պավել Կոլոբկովը պարզաբանել է Եվրասիական տնտեսական միության դատարանի որոշումը Միության անդամ երկրների մարզիկների աշխատանքային գործունեության վերաբերյալ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Կոլոբկովը նշել է, որ որոշումը վերաբերում է միայն Բելառուսի մարզիկներին, քանի որ այդ երկիրը Ռուսաստանի հետ ունի դաշնակցային հարաբերություններ:
«Այդ պրակտիկան չի տարածվի Եվրասիական տնտեսական միության մյուս պետությունների՝ Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի մարզիկների վրա: ՌԴ-ն և Բելառուսն ունեն դաշնակցային պայմանագիր, որտեղ այլ իրավական հիմքեր և որոշումներ կան»,- ասել է Կոլոբկովը:
Եվրասիական տնտեսական միության դատարանն անընդունելի է համարել Միության անդամ երկրների քաղաքացի հանդիսացող մարզիկների կողմից ազգային սպորտային միջոցառումներին մասնակցելու սահմանափակումները ԵԱՏՄ տարածքում: Եվրասիական տնտեսական միության դատարանը դեկտեմբերի 7-ին կայացրել է ԵԱՏՄ անդամ երկրների սպորտային ակումբներում աշխատող մարզիկների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 97-րդ հոդվածի երկրորդ կետը կիրառելու վերաբերյալ վճիռ:
ԵԱՏՄ պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Միության անդամ երկրները իրենց օրենսդրությամբ սահմանված կարգով ազգային աշխատաշուկայի պաշտպանության համար չեն դնում և չեն կիրառում սահմանափակումներ Միության անդամ երկրների աշխատուժի նկատմամբ: Բացառություն են կազմում սահմանափակումները, որոնք դրվում են ազգային անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար:
Դատարանը եկել է եզրահանգման, որ Միության անդամ երկրների կողմից պրոֆեսիոնալ մարզիկների նկատմամբ պայմանագրի 97-րդ հոդվածի երկրորդ կետի չկիրառումը հանդիսանում է խոչընդոտ, որը հակասում է ԵԱՏՄ շրջանակներում աշխատուժի միասնական շուկա ձևավորելու նպատակին:
Բացի այդ, ԵԱՏՄ դատարանի կարծիքով՝ ԵԱՏՄ անդամ երկրները պարտավոր են կատարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները, իսկ դրանց հետ համաձայն չլինելու դեպքում դրանք կարող են բողոքարկել սահմանված կարգով: