«Այդպիսի ընդդիմությունն ի սկզբանե դատապարտված է պարտության». Գևորգ Պետրոսյան
Interview«Լուսավոր Հայաստանը» շարունակում է պատեհ-անպատեհ շահարկել ԲՀԿ-ի անունը՝ կուսակցության հասցեին հնչեցնելով մերկապարանոց հայտարարություններ: ԼՀ փոխնախագահ Մանե Թանդիլյանը հերթական անգամ առիթը բաց չի թողել հայտարարելու, որ նախորդ իշխանությունների կողմից իրականացրած քաղաքականությանը մասնակցելու համար ԲՀԿ-ն նույնպես կրում է պատասխանատվություն՝ մոռանալով իր կողմից 180 աստիճանով հակառակ կարծիքներ հնչեցնելու փաստերը:
ԲՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով իրենց կուսակցության հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքներին, նշեց, որ կարեկցում է այն քաղաքական գործիչներին, ովքեր ուրիշների ֆոնի վրա են փորձում կայանալ:
«Բավական է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆոնի վրա կայանալ: Իրենք իրենց հռչակել են ընդդիմություն, ուրեմն, թող բարի լինեն ապագա խորհրդարանում պատվով իրականացնել այդ առաքելությունը: Նաև թող հիշեն, որ ժողովուրդը ոչինչ չի մոռանում: Մասնավորապես, երբ մարդիկ իրենց քաղաքական հաղթարշավը որոշակի գաղափարների վրա ձևավորելուց հետո, հետագայում հայտնվելով կառավարությունում մոռանում են իրենց գաղափարների մասին և սկսում են դրան հակառակ կեցվածք ընդունել: Կոչ եմ անում նման գործիչներին սկզբունքային լինել և կայանալ սեփական գաղափարների հաշվին և ոչ թե ուրիշների ֆոնի վրա փորձեն ընդդիմություն խաղալ»,- ասաց Գ. Պետրոսյանը:
Նա ընդգծեց նաև, որ նույն Մանե Թանդիլյանը, երբ իր քաղաքական գործունեությունը սկսեց կուտակային կենսաթոշակային համակարգը վերացնելու օգտին և հայտարարում էր, թե դեմ է այդ ինստիտուտին, բայց կառավարության մաս կազմելով, դարձավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ընդամենը մեկ շաբաթ անց հետ կանգնեց իր սկզբունքներից և հայտարարեց, որ համակարգից հրաժարվելը կվնասի պետական բյուջեին:
«Այս պայմաններում ինձ մոտ հարց է առաջանում, թե կայացած քաղաքական գործիչը մինչև նախարար դառնալն արդյո՞ք չէր հաշվարկել այդ վնասը, որ պատգամավոր լինելու ժամանակ խոսում էր համակարգի վնասի մասին, իսկ նախարար դառնալուց հետո անմիջապես մոռացավ այդ մասին: Եվ եթե մենք պետք է այդպիսի ընդդիմություն ունենանք, որը սկզբում ինչ-որ գաղափարների համար պետք է մարտնչեն, սեր ու հարգանք ձևավորեն, բայց, հայտնվելով պատասխանատու պաշտոններին, մոռանան իրենց գաղափարների մասին, ապա այդպիսի ընդդիմությունն, ի սկզբանե, դատապարտված է պարտության»,- ասաց Գ. Պետրոսյանը: