Թուրքիան պատրաստ է դատական գործընթաց սկսել սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեղավորների նկատմամբ
International newsԹուրքիան պատրաստ է Ստամբուլում դատական գործընթաց կազմակերպել սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեղավորների նկատմամբ և Սաուդյան Արաբիային կոչ է անում մեղավորներին իրեն հանձնել:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Եթե Սաուդյան Արաբիան չի կարող դատարանին հանձնել Խաշոգջիի սպանության մեղավորներին, ապա նրան հանձնեք Թուրքիային: Մենք կարող ենք դատական ընթացք տալ գործին՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան», - ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Խաշոգջիի սպանության ձայնագրությունները մատնանշում են Սաուդյան թագավորության գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ-Սաուդի շրջապատում գտնվող մարդկանց ներգրավվածությունը կատարվածին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը նախօրեին բանաձև է ընդունել, որում սաուդացի լրագրողի սպանության պատասխանատվությունը դրել է թագավորության գահաժառանգ արքայազնի վրա, սակայն Սենատի բանաձևերը զուտ դեկլարատիվ բնույթ ունեն: