Նոր ծրագրեր, կարդային փոփոխություններ. Նկարիչների միության անդամները ներկայացնում են իրենց սպասումները
CultureՀայաստանի նկարիչների միության 19-րդ համագումար մասնակիցները կողմ են փոփոխություններին: Նկարիչների միության անդամ Տիգրան Արզումանյանը նշեց, որ միությունում պետք է լուրջ փոփոխություններ տեղի ունենան:
«Կարեն Աղամյանը երկար ժամանակ է ղեկավարում, և ի հիմա, ի վերջո, և՛ վարչության կազմը պետք է փոխվի, և՛ նախագահը: Անկախ նրանից Կարեն Աղամյանը դեմ է գնալուն, թե ոչ, դահլիճի տրամադրությունից ելնելով, կարծում եմ, որ նա չի անցնի: Իմ նախընտրած թեկնածուն, որի անունը բարձրաձայնեցի, մեր միության հարցերով մտահոգված հայտնի նկարիչ Հաղթանակ Շահումյանն է: Ի տարբերություն մյուսների, որոնք գտնում են, թե երիտասարդ մարդ պետք է ղեկավարի կառույցը, ես Շահումյանին եմ նախընտրում»,-ասաց Տիգրան Արզումանյանը: Նա նշեց, որ ճիշտ է չեն կարող կանոնանդրությունը փոխել, սակայն շատ կցանկանար, որ վարչության անդամները լինեին և՛ երիտասարդներ, և՛ փորձառուներ:
Նկարիչների միության Աշոտ Գրիգորյանը կողմ է, որ միության նախագահի պաշտոնում իր գործունեությունը շարունակի Կարեն Աղամյանը:
« Ես կցանկանայի, որ մնա նախկին նախագահ Կարեն Աղամյանը, դրան զուգահեռ լավ կլիներ թարմացվեր խորհուրդը, այն երիտասարդանար: Ես կարծում եմ, որ այստեղ սխալ մոտեցում կա, միության նախագահին վերագրում են ավելին, քան նա կարող է անել: Եվ դա բերում է խառնաշփոթի»,-ավելացրեց Աշոտ Գրիգորյանը:
Նկարչուհի Զարուհի Մուրադյանը նշեց, որ միությունում, ղեկավար կազմում փոփոխությունը խիստ անհրաժեշտություն է: Նկարչուհին երկար տարիներ մուտք չի գործել միության շենք, քանի որ իրեն հետաքրքիր ոչինչ չի եղել:
«Կողմ եմ, որ փոխվի և՛ վարչությունը, և՛ նախագահը: Ցանկանում եմ երիտասարդներ գան, քանի որ նրանք նոր հետաքրքիր ծրագրեր կներկայացնեն: Չգիտենք ֆինանսական և այլ ինչ խնդիրներ կլինեն, բայց, կարծում եմ, որ առաջին քայլը պետք է լինի համագումարի ավարտից անմիջապես հետո անկախ աուդիտ հրավիրելը գոնե վերջին տասը տարվա գույքի, պարտքերի վերաբերյալ ստուգումներ անցկացնելն է»,-ասաց նա: Զարուհի Մուրադյանը կանոնանդրական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում: Մասնավորապես այն, որ միության նախագահն իրավունք չունենա իրեն հարմար կանոնադրություն ստեղծել, իրավունք չունենա ընտրվել երկու անգամից ավելի:
Անժելա Համբարձումյան