Լաբորատոր «սինդրոմ». Ի՞նչ գործ ունի Ռուսաստանը ՀՀ կենսաբանական լաբորատորիաների հետ
AnalysisՎերջին շրջանում մոդայիկ է «դարձել» և տեսնում ենք, որ ԵԱՏՄ տարածքի բարձր պաշտոնյաները իրար հերթ չտալով հայտարարություններ են անում, որոնք այդքան էլ հեշտ չի մարսվում: Հայաստանով դեռ պտտվում է Բելառուսի նախագահի մենախոսությունը Մինսկի իր «մոնոթատրոնից»` ինքն ինչ ասաց ու ինչպես, Մոսկվայից բեմ է մտնում ՌԴ ԱԳ նախարարը ու հայտարարում, որ Երևանի հետ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրության, որով նախատեսվում է բացառել այլ երկրի զինվորականների ներկայությունը Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներում:
Ի՞նչ գործ ունի Ռուսաստանը ՀՀ կենսաբանական լաբորատորիաների հետ: Ի՞նչ կասկածամտություն է ռազմավարական դաշնակցի նկատմամբ: Ինչու՞ է Մոսկվան ամեն տեղ իր դեմ դավադրություն որոնում: Հետո ի՞նչ, որ լաբորատորիաները ստեղծվել են ԱՄՆ աջակցությամբ: Ինչու՞ են համառորեն տպավորություն ձևավորում, որ Հայաստանում գործում են ամերիկյան գաղտնի լաբորատորիաներ, եթե այդ լաբորատորիաները գտնվում են Հայաստանի ենթակայության տակ: Ինչ-որ չափով գուցե տրամաբանական լիներ, եթե լաբորատորիաները ստեղծված լինեին ռուսական աջակցությամբ ու Լավրովը համաձայնագիր նախաձեռներ, որ այլ երկրի զինվորականներ լաբորատորիաներ մուտք չունենան: Կամ` նման առաջարկություն աներ ԱՄՆ պետքարտուղարը: Առաջին հերթին սա վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը և եթե նման համաձայնագիր Հայաստանը համաձայնել է ստորագրել, ինքը պետք է այդ մասին խոսի, ներկայացնի ու հիմնավորի: Ստացվում է` հերթական անգամ Հայաստանին փաստի առաջ են կանգնեցնում` իր անունից ինչ-որ հայտարարություններ անելով:
ԱՄՆ-ը փափուկ ուժ է կիրառում, Ռուսաստանը` կոշտ: Սա արդեն ոչ մեկին չի զարմացնում: Կարծես սովորել ենք, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում ամեն տեղ իր շահը որոնել ու ինքնամոռաց պաշտպանել:
Լաբորատորիաները ՀՀ-ին են և ՀՀ նախկին իշխանությունն է Ռուսաստանին թույլ տվել մուտք գործել լաբորատորիաներ` համոզվելու, որ իր դեմ դավադրություններ չեն նյութվում: Նիկոլ Փաշինյանն էլ ամռանը գնաց նրանց նվիրական ոտնահետքերով` հայտարարելով, որ ռուս մասնագետները կարող են մտնել լաբորատորիաներ: ՌԴ ԱԳ նախարարի խոսքից հասկանալի չէ ոչինչ: Եթե կան լաբորատորիաներ ու գործում են, ինչու՞ պիտի Հայաստանը համաձայնի Ռուսաստանի պայմաններին ու սահմանափակի իր համագործակցությունը այլ երկրների հետ, թե՞ համաձայնագիրը լաբորատորիաները դարձնում է հայ- ռուսական, իսկ հետո կդառնան ռուս-ռուսական:
Պետք է փաստենք, որ նման լաբորատորիաներ կան նաև Վրաստանում ու Ադրբեջանում: Լավրովը, որ վերջերս Բաքվում էր, ոչ մի խոսք չի ասել այդ լաբորատորիաների մասին: Տարօրինակ է՝ ինչու՞ համաձայնագիր չեն նախապատրաստում Ադրբեջանի հետ: Լավրովը նաև ասել է, որ Վրաստանը ապահովել է ՌԴ դիվանագիտական պատվիրակության մուտքը լաբորատորիաներ, այժմ փորձում են պայմանավորվել, որ լաբորատորիաները հասանելի լինեն մասնագետներին: Համաձայնագիր են նախապատրաստում նաև Ղազախստանի հետ: Գուցե ՀՀ ԱԳՆ-ն այս ամենից հետո ոչ թե ասի, որ մեկնաբանություն չունի, այլ հղում անի համապատասխան պաշտոնյայի կամ մասնագետի` բացատրելու` ինչ է կատարվում: Կամ էլ սպասեք Փաշինյանի հերթական «լայվին» ու նա ձեզ կտանի կենսաբանական լաբորատորիա, քանի դեռ ռուսները դուռը չեն կնքել: