Պարզապես կան մարդիկ, որոնք փորձում են ցեխ շպրտել. Օսիպյանը՝ ՃՈ–ից դժգոհությունների մասին
SocietyՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ Ճանապարհային ոստիկանությունը սաբոտաժ չի անում եւ նախորդ տարիների համեմատ այսօր շատ ավելի լավ են աշխատում։
Այսօր՝ դեկտեմբերի 20–ին, Կառավարության նիստից հետո լրագրողներն Օսիպյանից հետաքրքրվեցին, թե որն է պատճառը, որ այս ստորաբաժանումից դժգոհություններն աճում են։
«Միշտ էլ եղել են դժգոհություններ, պարզապես կան մարդիկ, որոնք փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա եւ ընտրում են այն ստորաբաժանումը, որն անմիջապես շփվում է մարդկանց հետ։ Մենք այսօր «ոչ» ենք ասել կաշառակերությանը, եւ չկա կաշառակերության որեւէ դրվագ, դեպք, ուղղակի քաղաքացիների մոտ այնպիսի տպավորություն է, որ ՃՈ—ն անգամ սաբոտաժ է անում, դա իրականությանը չի համապատասխանում։ ՃՈ–ն այսօր ավելի լավ է աշխատում»,– ասաց նա։
Ոստիկանապետը հերքեց նաեւ շրջանառվող տեղեկությունները, թե ՃՈ աշխատակիցներն ազատման դիմումներ են գրում. «Ես եմ ազատել, ոչ թե դուրս են եկել, ես եմ ազատել, որովհետեւ զգացել եմ՝ չեն կարող աշխատել այս փոխված իրավիճակում, տեղեկություններ ունեի, որ սրտացավ չէին կարող ծառայել, դրա համար ազատել եմ։ Նրանց թիվը մեծ չէ, մոտ 20 աշխատակից»։
Վալերի Օսիպյանը հայտնեց նաեւ, որ եղել են մարդիկ, որոնք սեփական դիմումի համաձայն են աշխատանքից ազատվել, բայց նրանց թիվը շատ փոքր է։