Մանվել Գրիգորյանը դուրս եկավ կալանավայրից (ֆոտո)
TVԿեսգիշերին մոտ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից դուրս եկավ գեներալ Մանվել Գրիգորյանը։ Նա հրաժարվեց խոսել լրագրողների հետո, ասաց՝ հետո, արագ նստեց մեքենան և հեռացավ։
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 21–ի երեկոյան, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։
Նշենք, որ նրա փաստաբանները այս վեց ամիսների ընթացքում բազմիցս բարձրաձայնել են, որ 62–ամյա Մանվել Գրիգորյանը ունի մի շարք հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ, և մի քանի անգամ խափանման միջոցը փոխելու ապարդյուն փորձ էին արել։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: