«Յուվենտուսի» տնօրեն. Ռոնալդուն է նախաձեռնել իր տեղափոխությունը Թուրին
SportԹուրինի «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին պատմել է, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է նախաձեռնել իր տեղափոխությունը Թուրին:
«Մենք հանդիպեցինք Ռոնալդուի գործակալ Մենդեշի հետ, եւ նա ինձ ասաց. «Չես հավատա, բայց Կրիշտիանուն ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս»: Ես պատասխանեցի, որ հավատում եմ, բայց իսկապես բարդ էր այդ լուրից հետո հավաքվել եւ շարունակել աշխատանքը: Ռոնալդուն ինքն է իրեն առաջարկել «Յուվենտուսին»:
Մեծագույն խաղացողներն օգնում են երեխաներին երազել: Իմ որդին ցանկանում էր Ռոնալդուի խաղաշապիկը: Ես դրա համար գնացի Պորտուգալիայի հավաքականի մասնակցությամբ հանդիպման եւ գնեցի այն: Դրանից հետո որդիս ամբողջ ժամանակն այդ խաղաշապիկով էր:
Ամեն տարի նա ինձ հարցնում էր, թե ինչու «Յուվենտուսը» չի գնում Ռոնալդուին: Ես պատասխանում էի, որ դա հնարավոր չէ: Տրանսֆերից հետո որդիս ասաց ինձ. «Հայրիկ, բայց դու ասում էիր, որ դա հնարավոր չէ»: Ես չկարողացա պատասխան գտնել»,- Պարատիչիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ այս ամռանն է Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել Իտալիա: